
Նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը կալանավորվեց. դատավոր Արմեն Դանիելյանը բեկանեց նրան գրավի դիմաց ազատելու որոշումը
Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, այսօր բեկանել է Հյուսիս-Հարավի գործով մեղադրյալ, Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը:
Քիչ առաջ Գուրգեն Սարգսյանը դատարանի դիմացից ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվեց կալանավայր:
Սարգսյանին գրավի դիմաց ազատ արձակելու առաջին ատյանի դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի որոշումը բողոքարկել էր Դատախազությունը:
Հիշեցնենք, որ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Գուրգեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով:
Ըստ մեղադրանքի՝ Գուրգեն Սարգսյանը «Մուլտի Գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի, Սուրեն Ավագյանի հետ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Վեն Սիաոյի հետ կնքել է երկու կեղծ պայմանագիր, ծառայությունների մատուցման կեղծ հաշիվներ, որոնցով «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ»–ից դուրս են գրվել ապօրինի ֆինանսական միջոցներ։ Հետո դրանց ծագումը թաքցրել են տարբեր փոխանցումների ու կանխիկացումների միջոցով։
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Մեկնաբանել