
Լենա Նազարյան. «Կանայք պետք է զբաղեցնեն որոշումներ կայացնող պաշտոններ, քանի որ նրանք կազմում են բնակչության կեսը»
Ազգային ժողովում այսօր հրավիրվել են խորհրդարանական լսումներ՝ «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով: Խորհրդարանի փոխնախագահ Լենա Նազարյանն ասաց, որ իր սեփական փորձով գիտի, թե ինչպես պետք է աշխատի «Կուսակցությունների մասին» օրենքը, որպեսզի օգնի կուսակցություններին ամրացնել ներքին ժողովրդավարությունը, որպեսզի կուսակցությունները լինեն ներառական և կայանան որպես քաղաքական ինստիտուտներ, լինեն կայուն, հետևողական և հաշվետու:
«Իհարկե, շատ բան կախված է կուսակցությունների դավանած արժեքներից, դրանց ամրությունից, հիմնադիրների սկիզբ դրած ավանդույթներից, ղեկավար կազմի որոշումներից, կուսակցության անդամների ակտիվությունից և պահանջատիրությունից, կանոնադրությունից, սակայն կուսակցություններին տրված բավականին մեծ ինքնավարությամբ հանդերձ, որը պահպանվելու է և պետք է պահպանվի, կարծում եմ՝ օրենքով պետք է ամրագրենք որոշակի սկզբունքներ, որոնք պարտադիր կլինեն բոլոր կուսակցությունների համար»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:
Լենա Նազարյանի խոսքով՝ որոշակի կանոնների համընդհանուր պահանջը կարևոր է, քանի որ մեր օրենքներով սահմանված ընտրակարգով կուսակցությունները միակ մեխանիզմն են, որով քաղաքական ուժերը մասնակցում են ընտրությունների, կազմակերպում տեղական ինքնակառավարում, ձևավորում խորհրդարան և կառավարություն, հետևաբար, ըստ Լենա Նազարյանի` շատ կարևոր է, թե ինչ սկզբունքներով է կառավարվում կուսակցությունը:
«Կներեք, բայց ես չեմ հավատում, որ այն կուսակցությունը, որը չունի ներքին ժողովրդավարության կանոններ և փորձ, ստանձնելով երկրի կառավարումը՝ կարող է երկիրը առաջնորդել ժողովրդավարության ճանապարհով, որովհետև այդ կուսակցությունը իր ներսում պատկերացում չունի, թե ինչ է ժողովրդավարությունը, և ինչի համար է այն պետք: Ես չեմ հավատում, որ ներքին ընտրությունների միջոցով ղեկավար կազմի ձևավորումը մերժող կուսակցությունները երկիրը կառավարելիս կապահովեն պայմաններ ազատ և արդար ընտրությունների համար: Ես չեմ հավատում, որ այն կուսակցությունները որոնք չեն դրսևորում կանանց և տղամարդկանց հանդեպ հավասար անխտրական խոսք և վարքագիծ, ստանձնելով երկրի կառավարումը՝ կարող են գրեթե հավասարաչափ կանացից և տղամարդկանցից բաղկացած քաղաքացիների համար իրապես ապահովել հավասար իրավունքները»,- նշեց Լենա Նազարյանը:
ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ նմանատիպ հարցերը չպետք է լինեն առանձին ղեկավարների քմահաճույքի դաշտում, որովհետսև ըստ նրա ձևակերպման՝ կոռումպացված, խտրական ոչ ժողովրդավար կուսակցությունները չպետք է շանս ունենան քաղաքական գործընթացներ զարգացնել Հայաստանում կամ քաղաքական գործընթացների իմիտացիա անել:
Լենա Նազարյանն առաջարկում է, որ կուսակցությունների ղեկավար կազմերի ձևավորման ժամանակ գործի սեռերի ներկայացվածության ապահովման սկզբունքը, որը կարող է լինել երկու տարբերակով՝ կամ օրենքով պարտադրել, որ ղեկավար կազմում լինի սեռերի ներկայացվածություն, կամ օրենքով պարտադրել, որ սեռերի ներկայացվածության սկզբունքը ամրագրվի կուսակցությունների կանոնադրության մեջ:
«Կանայք պետք է զբաղեցնեն որոշումներ կայացնող պաշտոններ, քանի որ նրանք կազմում են բնակչության կեսը, և այսպես է արդար, հակառակը անարդար է: Որպեսզի կանանց բարձրաձայնած հարցերը լուծում ստանան, արդյունք լինի, կանանց ներկայացվածությունը պետք է հասնի կրիտիկական մակարդակի: Եթե այդպես չէ, ապա ձևական է»,- պնդեց Լենա Նազարյանը:
Խորհրդարանի փոխնախագահը հաջորդիվ առաջարկեց օրենքում ամրագրել, որ կուսակցությունների ղեկավար կազմի ընտրություններն անցկացվեն ժողովրդավարական սկզբունքներով, այսինքն՝ ներքին ընտրությունով փակ քվեարկությամբ, որպեսզի բացառեն կուսակցությունների ղեկավարների կամայական որոշումները:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել