
Առաջարկվում է Տաշիրի բժշկական կենտրոնի նոր շենքը կառուցել քաղաքի ավտոկայանի տարածքում
Պետական գույքի կառավարման կոմիտեն առաջարկում է Տաշիրի բժշկական կենտրոնի նոր շենքը կառուցել Տաշիրի ավտոկայանի տարածքում։
Նման առաջարկություն է Պետգույքի կառավարման կոմիտեն ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Տարածքի ընտրությունը կատարել են Առողջապահության նախարարության և Քաղաքաշինության կոմիտեի մասնագետները։
«Տաշիրի ավտոկայանի տարածքը քաղաքացիների համար, անհարմար դիրքի պատճառով, երկար տարիներ ըստ նշանակության չի օգտագործվում և իր դիրքի պատճառով նպատակահարմար չէ վերագործարկել որպես ավտոկայան»,- հայտնել է Պետգույքի կոմիտեն։
Բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման տարածքն ընտրվել է հաշվի առնելով, որ այն հարակից է քաղաքի գլխավոր ճանապարհին, տեղակայված է քաղաքի կենտրոնական հատվածում և մատչելի է ազգաբնակչության համար։ Կարևորվել է նաև այն հանգամանքը, որ մոտ է գործող ենթակառուցվածքներին, և հարակից հատվածները կառուցապատված չեն բնակելի շինություններով։
«Հայավտոկայարան» ՓԲԸ-ի այդ տարածքի դիմաց պետությունը կմարի ընկերության շահութաբաժնի գծով շուրջ 18 միլիոն դրամ պարտքը։
Կոմիտեի հաղորդմամբ՝ այժմ միջոցներ են ձեռնարկվում Տաշիրում ավտոկայանի համար նոր տարածք ձեռք բերելու ուղղությումբ։
Մեկնաբանել