
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան. «Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում մասնագիտությամբ ոչ թե բժիշկ, այլ պրոֆեսիոնալ մենեջեր է հարկավոր»
«Ալավերդու բժշկական կենտրոնի» տնօրենի թափուր պաշտոնի ընտրության հոկտեմբերի 8-ի մրցույթի արդյունքների պատճառով Ալավերդիում լարված իրավիճակը շարունակվում է:
Երեկ՝ հոկտեմբերի 15-ին ժամը 4:30-ի սահմաններում, Շահումյան թաղամասի ճանապարհաեզրին հավաքված՝ վիրաբույժ Գևորգ Ազարյանի համակիրները փորձում էին փակել միջպետական ճանապարհը:
Նրանց վրդովմունքի պատճառը նախօրեին ի պատասխան Գևորգ Ազարյանի բողոքի՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հրապարակած որոշումն էր, որտեղ մարզպետն անփոփոխ էր թողել մրցութային հանձնաժողովի թիվ 5 որոշումը, համաձայն որի՝ մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվել։
Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանը հավաքվածներին հորդորեց միջպետական ճանապարհը փակելու փոխարեն մրցույթի արդյունքները բողոքարկել դատարանում:
Ավագանու անդամ Սեյրան Հովհաննիսյանի ասելով՝ ճանապարհ փակելով մարդիկ ուղղակի ուզում են բարձրաձայնել կատարված անարդարությունը՝ այն Կառավարությանը և Նիկոլ Փաշինյանին լսելի դարձնելու համար:
«Եղած մրցույթը չեղյալ է հայտարարվում, չենք հասկանում ինչի համար: Պատճառը ո՞րն է»,- ասում է ավագանու անդամը:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը օրեր առաջ «Հետք»-ին հայտնել է, որ «Ալավերդի բժշկական կենտրոնի» տնօրենի ընտրության համար նոր մրցույթ է անցկացվելու, որին կարող են մասնակցել ինչպես նախորդ՝ հոկտեմբերի 8-ի մրցույթի մասնակիցները, այնպես էլ նոր թեկնածուներ:
«Բժշկական կենտրոնի զարգացման ծրագրերը իրականացնելու համար տնօրենի պաշտոնում մեզ հարկավոր է ոչ թե բժիշկ, այլ պրոֆեսիոնալ մենեջեր»,- ասաց մարզպետը:
Ավագանու անդամ Ս. Հովհաննիսյանը մարզպետի որոշումից հետո անիմաստ է համարում Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի ընտրության նոր մրցույթ նշանակելը: «Թող իրենց ճաշակով պրոֆեսիոնալ մենեջեր նշանակեն էդ գործում: Եթե ատամնաբույժ Անդրեյ Ղուկասյանին կարելի է նշանակել Լոռու մարզպետ, ապա ինչպես կարելի է վիրաբույժ Գևորգ Ազարյանին չնշանակել բժշկական կենտրոնի տնօրեն: Էդ դեպքում հայտարարության մեջ երևի պետք է գրեին, որ մրցույթին կարող են մասնակցել միայն պրոֆեսիոնալ մենեջերներ»,- ասաց Սեյրան Հովհաննիսյանը:
Վերջինիս բնութագրմամբ՝ Գևորգ Ազարյանը վիրաբույժի իր գործը լավ գիտի, հարյուրավոր մարդկանց կյանք է փրկել, հաղթել է նաև բժշկական կենտրոնի տնօրենի ընտրության մրցույթում և կարող է նորմալ ղեկավարել բժշկական կենտրոնը:
Հավաքվածներից Աննա Ոսկանյանը Շահումյան թաղամաս էր եկել իր բողոքն արտահայտելու: Նա ասում է, որ անձամբ բժշկական կենտրոնի գործող տնօրեն Ստեփան Մոսինյանի անձի դեմ ոչինչ չունի: Բայց ինքը և հավաքված մյուս ալավերդցիներն արդարություն են պահանջում:
«Եթե Գևորգ Ազարյանը բժշկական կենտրոնի տնօրենի ընտրության մրցույթում հաղթել է, պետք է պայմանագիր կնքել նրա հետ՝ տնօրենի պաշտոնում աշխատելու համար»,- ասում է Աննա Ոսկանյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ի մրցույթի արդյունքներով ընտրության 2-րդ փուլից դուրս են մնացել բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը և բժշկուհի Անուշ Իսպիրյանը: Հանձնաժողովի ամփոփիչ արդյունքներով 3-րդ փուլ է անցել միայն վիրաբույժ Գևորգ Ազարյանը: Երրորդ փուլին թեկնածուները մրցութային կարգով պետք է ներկայացնեին բժշկական կենտրոնի զարգացման իրենց ծրագրերը:
Ազարյանի խոսքով՝ բժշկական կենտրոնի զարգացման իր ծրագիրը ուղղված է եղել հիմնականում Ալավերդու բժշկական կենտրոնում առկա կոռուպցիայի վերացման և կոլեկտիվում մարդկային հարաբերությունների վերականգնմանը: Ասաց, որ ներկայացրել է նաև բժշկական կենտրոնի զարգացման ասպեկտներ, սակայն մրցութային հանձնաժողովն իրենից մանրակրկիտ հաշվարկներ է պահանջել բժշկական կենտրոնի զարգացման մասին:
Փաստաբան Ալեքսանդր Ծատինյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Լոռու մարզպետարանի կողմից «Ալավերդու բժշկական կենտրոնի» տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը Կառավարության 2011թ-ի հուլիսի 7-ի N 992 որոշման համաձայն անցել է երեք փուլով, այն է՝ թեստավորում, հարցազրույց և կազմակերպության զարգացման մասին թեկնածուների ծրագրերի մրցակցում: Հոկտեմբերի 8-ի մրցույթի 3-րդ փուլին թեկնածուներից միայն 1-ին և 2-րդ փուլում հաղթած Գևորգ Ազարյանն է մասնակցել:
«Այսինքն Կառավարության 2011թ.-ի N 992 որոշումը 3-րդ փուլում իր ընդհանուր բովանդակությամբ կորցրել է մրցույթի իմաստը, քանի որ մրցույթի 1-ին և 2-րդ փուլերում հաղթած մրցակիցը այդ փուլում կազմակերպության իր ներկայացրած ծրագրով թեկնածուներից որևէ մեկի հետ չի մրցակցել: Նա ուղղակի հանձնաժողովի անդամների 6 դեմ և 1 կողմ քվեարկությամբ չի ընտրվել բժշկական կենտրոնի տնօրեն,- պարզաբանեց Ալեքսանդր Ծատինյանը՝ ավելացնելով, որ Կառավարության N 992 որոշումը հակասություն ունի ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի հետ, իսկ նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 40 հոդվածի համապատասխան՝ իրավական ակտերի միջև հակասություն լինելու դեպքում կիրառվում է ավելի վաղ ընդունված իրավական ակտը: Այս տեսանկյունից Ա. Ծատինյանը մատնանշեց ներկայումս ուժի մեջ գտնվող՝ Կառավարության 2005թ.-ի հունվարի 25-ի N 224 որոշումը, որին համապատասխան նշված մրցույթի կազմակերպման կարգը որոշվել է լիազոր մարմնի կողմից, և մարզպետարանում առկա է Լոռու մարզպետի 2006թ.-ի հոկտեմբերի 16-ի N 285 որոշումը, որին համապատասխան՝ Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը պետք է անցկացվի միայն թեստավորման և հարցազրույցի փուլերով, որն էլ հաղթահարել է վիրաբույժ Գևորգ Ազարյանը:
Փաստաբանի խոսքով՝ ելնելով վերոնշյալից, մարզպետարանի մրցութային հանձնաժողովը պետք է Ալավերդի բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի ընտրության մրցույթում Գևորգ Ազարյանին ճանաչեր հաղթող և նրա հետ կնքեր աշխատանքային պայմանագիր:
Գևորգ Ազարյանն իր համակիրներին ասաց, որ բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի ընտրության հոկտեմբերի 8-ի մրցույթի արդյունքները բողոքարկելու է ընդհանուր իրավասության դատարանում: Նա իր համակիրներին խնդրեց զերծ մնալ միջպետական ճանապարհ փակելուց:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել