
Հունվար-սեպտեմբերին հարկերն աճել են 21.6 %-ով
Այս տարվա հունվար-սեպտեմբերին Պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրլն 79.2 մլրդ դրամի հարկեր, որով 17.7 մլրդ դրամով կամ 1.7 %-ով գերակատարվել է բյուջեով սահմանված և ճշգրտված ծրագիրը։ Այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Ըստ նրա՝ հարկերի գերակատարումը պայմանավորված է առաջին կիսամյակում հավաքագրված հարկերի ծավալներով, իսկ երրորդ եռամսյակում տեմպերը թուլացել են։
Մասնավորապես, հարկային մարմինների կողմից այս տարվա առաջին 9 ամիսներին հավաքագրվել է 812.4 մլրդ դրամ, իսկ մաքսային մարմինների կողմից՝ 266.8 մլրդ դրամ։
Ընդհանուր հավաքագրված 1 տրլն 79.2 մլրդ դրամի հարկերի ծավալը, 2018 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ, աճել է 191.5 մլրդ դրամով կամ 21.6 %-ով։ Այդ թվում՝ հարկային մարմինների կողմից հավաքագրված հարկերն աճել են 157.6 մլրդ դրամով կամ 24.1 %-ով, իսկ մաքսային մարմինների կողմից հավաքագրված հարկերն ավելացել են 33.9 մլրդ դրամով կամ 14.6 %-ով։
ԱԱՀ-ի և եկամտային հարկի գծով այս տարվա առաջին 9 ամիսներին հարկատուներին է վերադարձվել 86.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ամիսների 72.5 մլրդ դրամի փոխարեն։
Մեկնաբանել