
ԵՄ դրամաշնորհային ծրագրերից հափշտակություն կատարելու դեպքով ևս երեք մեղադրյալի գործ է ուղարկվել դատարան
Եվրամիության դրամաշնորհային ծրագրերից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու առթիվ հարուցված քրեական գործով անցնող ևս երեք մեղադրյալի մասով գործ է ուղարկվել դատարան: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից: Ամբաստանյալի աթոռին է երեք անձ՝ Թերեզա Դիլանյանը, Անժելա Ավետիսյանը և Գեղամ Պետրոսյանը:
Վերջինս նախկինում եղել է ՊԵԿ աշխատակազմի ղեկավարը: Նրա նկատմամբ քրեական գործի շրջանակներում հայտարարված է եղել հետախուզում, խափանման միջոց ընտրված՝ կալանավորումը: Հետագայում նա ներկայացրել է վարույթն իրականացնող մարմնին: Պետրոսյանի խափանման միջոցն այս պահին չհեռանալու մասին ստորագրությունն է:
Ըստ «Դատալեքսում» առկա տեղեկատվության՝ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով Հրայր Գյոնջյանի հետ, Թերեզա Դիլանյանի և Անժելա Ավետիսյանի օժանդակությամբ 2011-2014 թվականների ընթացքում կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու եղանակով միասնական դիտավորությամբ խաբեությամբ հափշտակել է ՀՀ ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից «Հանրային առողջապահական ուսուցման և հետազոտությունների կենտրոն», «Էկոսոցիում«, «Սոցիալ-առողջապահական զարգացման ակադեմիա», «Բիոէթիկա» և «Տեղեկատվության և իրավունքի ինստիտուտ» հասարակական կազմակերպություններին համարժեք 205.89.171,9 ՀՀ դրամը։
Թերեզա Դիլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր գործողություններով, այն է ՝ կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու միջոցով օժանդակել է Հրայր Գյոնջյանի և Գեղամ Պետրոսյանի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով 46․511․927 ՀՀ դրամին համարժեք շուրջ 85․016 եվրո գումարի հափշտակությանը։
Անժելա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու միջոցով օժանդակել է Հրայր Գյունջյանի և Գեղամ Պետրոսյանի կողմից միասնական դիտավորությամբ խարդախությամբ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից «Հանրային առողջապահական ուսուցման և հետազոտությունների կենտրոն« և «Էկոսոցիում» հասարակական կազմակերպություններին հատկացված առանձնապես խոշոր չափերով՝ 55.130.140,2 ՀՀ դրամին համարժեք շուրջ 105.229 եվրո հափշտակությանը։
Գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մանուկյանինն: Աբաստանյալներ Թերեզա Դիլանյանի և Անժելա Ավետիսյանի նկատմամբ ևս խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:
Մեղադրյալներից Հրայր Գյոնջյանն, ում անունը շոշափվում է Պետրոսյանի և մյուսների մեղադրանքում, գտնվում է հետախուզման մեջ:
Նշենք որ Եվրամիության դրամաշնորհային ծրագրերից հափշտակություն կատարելու դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է 2016 թվականին, դրանով անցնող անձանց թիվը հասնում է երկու տասնյակի: Նրանցից 14-ի վերաբերյալ մասն անջատվել և 2018-ի ապրիլին ուղարկվել է դատարան: Այս մասով հափշտակված գումարի չափն, ըստ քրեական գործի նյութերի՝ 907. 281. 869,7 ՀՀ դրամ է: Այս մասով ամբաստանյալների թվում է նաև ԵՄ դրամաշնորհային ծրագրերի ղեկավարը: Գործի քննությունը դեռևս շարունակվում է, դատարանը գտնվում է փաստաթղթերի հետազոտման փուլում: Նշենք, որ քրեական գործի հատորների թիվը անցնում է 70-ը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել