
Մանրամասներ՝ Սոմալիում վթարային վայրէջք կատարած հայկական օդանավի վերաբերյալ
Հոկտեմբերի 9-ին Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի օդանավակայանում կոշտ վայրէջք կատարած հայկական «Ան-74» օդանավի վերաբերյալ որոշ մանրամասներ են հայտնվել համացանցում: Ավիացիոն պատահարներով եւ միջադեպերով զբաղվող aviation-safety.net կայքից տեղեկանում ենք, որ «Մարս Ավիայի» EK-74008 գրանցումով ինքնաթիռը Մոգադիշո էր թռչում Սոմալիի Դինսոր (Dinsoor) քաղաքի օդանավակայանից:
Ինչպես գրել ենք նախորդ հոդվածում, ՀՀ քաղավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Կարեն Գյուրջյանը հայտնել է, որ թռիչքի ժամանակ ինքնաթիռում եղել են միայն անձնակազմի 4 անդամները (ազգությամբ ռուսներ), ուղեւոր ու բեռ չի եղել: Առանց շասսիի վայրէջք կատարած ինքնաթիռը, բարեբախտաբար, չի այրվել եւ, վազքուղու վրա «փորի վրա» սահելով մի քանի հարյուր մետր, կանգ է առել թռիչքուղու սկզբնակետից 750 մ հեռավորության վրա:
Հետաքննող լրագրող Հարուն Մարուֆը (Harun Maruf), հղում անելով իր աղբյուրին, նշել է, որ հայկական օդանավը Դինսոր է տեղափոխել 9 տոննա բեռ, չնայած աղբյուրը հայտնել է, որ ինքնաթիռի առավելագույն կոմերցիոն ծանրաբեռնվածությունը 7,5 տոննա էր, ինչը նշանակում է, որ դեպի Դինսոր թռչելիս EK-74008-ը եղել է գերբեռնված (նշենք, սակայն, որ համացանցային տեղեկատուների համաձայն, «Ան-74» տիպի օդանավերի առավելագույն կոմերցիոն ծանրաբեռնվածությունը 10 տոննա է):
Այդուհանդերձ, ինչպես ասվեց, Մոգադիշո մեկնելիս ինքնաթիռը դատարկ է եղել: Լրագրողի երկրորդ աղբյուրն այս առումով նշել է անձնակազմի սխալի հավանական տարբերակը: Հ. Մարուֆի ձեռք բերած ինֆորմացիայի համաձայն՝ անձնակազմը, ըստ էության, Մոգադիշոյի օդանավակայանի կառավարման աշտարակին չի հայտնել, որ վթարային վայրէջք է կատարում, սակայն հակահրդեհային ծառայությունը կարողացել է արագ արձագանքել չբացված շասսիով վայրէջքի փաստին:
Չնայած հայկական «Ան-74»-ը նստել է օդանավակայանի միակ թռիչքուղուն, որոշակի խափանելով չվերթների գրաֆիկը, ավելի քան 3 կմ երկարություն ունեցող վազքուղու մեծ մասը կիրառելի է եղել ինքնաթիռների համար: Վայրէջքից մոտ 8 ժամ անց անձնակազմը վերամբարձ կռունկի օգնությամբ կարողացել է օդանավը կանգնեցնել անիվների վրա, ինչից հետո այն դուրս է բերվել թռիչքուղուց, որպեսզի իրականացվի պատահարի քննություն եւ վերանորոգում: Համաձայն Հ. Մարուֆի տեղեկատվության՝ հրամանատարը պետք է զեկույց ներկայացնի Սոմալիի քաղավիացիայի ղեկավար մարմնին:
Ինչպես «Հետքին» հայտնել էր ՀՀ ՔԱԿ-ի թռիչքային պիտանիության վարչության պետ Կ. Գյուրջյանը, մեր ներկայացուցիչը եւս մասնակցելու է պատահարի քննությանը:
Լուսանկարում՝ EK-74008-ը՝ Մոսկվայում (05.04.2018, լուս.՝ Դմիտրի Կազակովի)
Մեկնաբանել