
Առաջարկվում է լիզինգով ձեռք բերել գինեգործական մետաղյա տարողություններ և կաղնեփայտե տարաներ
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է գինեգործության ոլորտի տնտեսվարողներին թույլատրել լիզինգի ծրագրով ձեռք բերել հումքի պահման մետաղյա տարողություններ և գինեգործության ոլորտում օգտագործվող կաղնեփայտե տարաներ։
Նման առաջարկություն է նախարարությունը ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ գինեգործության ոլորտի բազմաթիվ տնտեսվարողներ բազմիցս դիմել են իրենց և հայտնել, որ տնտեսությունների բնականոն գործունեության ապահովման, մթերվող հումքի ծավալների ավելացման և պահպանման, արտադրական հզորությունների ու արտահանման ծավալների ավելացման նպատակով անհրաժեշտ են հումքի պահման մետաղյա տարողություններ, կաղնեփայտե տարաներ։ Սակայն ֆինանսական սուղ հնարավորություններով և տրամադրվող վարկային միջոցների բարձր տոկոսադրույքներով պայմանավորված՝ դժվարություններ ունեն դրանք ձեռք բերելու հարցում։
Նախարարությունն առաջարկում է գինեգործության ոլորտի այդ ապրանքները թույլատրել գնել լիզինգի ծրագրով, քանի որ Կառավարությունը նպատակ է դրել աջակցել ագրոպարենային համակարգի սարքավորումների և նոր տեխնոլոգիաների ներդրմանը, 2010 թվականին էլ հաստատել է գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարություն, որով նախատեսել է բարելավել գյուղատնտեսական հումքի վերամշակման գործընթացը՝ առաջավոր տեխնոլոգիաների ներդրման, արտադրանքի մրցունակության բարձրացման հաշվին։
Լիզինգը ֆինանսական վարձակալություն է, որի ժամանակ անձը ձեռք է բերում գույք՝ որոշակի կանխավճարի դիմաց։ Գույքը լիզինգառուի տիրապետմանն է հանձնվում մինչ գումարի ամբողջական մարումը, և անձի կողմից ստանձնած պարտավարությունների ավարտից հետո, լիզինգի իրավունքը դադարում է, գույքի սեփականությունը հանձնվում է այն վարձակալած անձին։
Մեկնաբանել