
ԵԱՀԿ որոշ պատվիրակներ Հայկ Կոնջորյանից հետաքրքրվել են, թե ով է Ռամիլ Սաֆարովը
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ստացված է համարում հոկտեմբերի 4-6-ը Մարակեշում կայացած ԵԱՀԿ աշնանային նստաշրջանի ժամանակ հայկական պատվիրակության կատարած աշխատանքը և ադրբեջանական պատվիրակությանն ուղղված պատասխանները:
Այսօր խորհրդարանում Հայկ Կոնջորյանն ամփոփեց պատվիրակության կատարած աշխատանքը:
Պատգամավորի խոսքով՝ ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը՝ կարևորելով միայն տարածքային ամբողջականության խնդիրը: Ադրբեջանցի պատգամավորը կասկածի տակ է առել նաև Լեռնային Ղարաբաղում բնակվող անձանց գոյությունը: Կոնջորյանը պատասխան ելույթով է հանդես եկել՝ հիշեցնելով Հելսինկյան եզրափակիչ ակտը, որի անբաժանելի մասն են կազմում ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և իրավահավասարությունը:
Պատգամավորը տեղեկացրել է նաև, որ «ադրբեջանական սադրանքների» հետևանքով օրեր առաջ Տավուշում հայ զինծառայող է զոհվել: Կոնջորյանն իր ելույթում խոսել է նաև ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի մասին, որը կացնահարել էր ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցող հայկական բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին: Սաֆարովը Մարգարյանին կացնահարել էր, երբ վերջինս քնած էր եղել: Կոնջորյանի խոսքով՝ պատվիրակներից շատերը դեպքի մասին տեղյակ չէին:
«Մի շարք առանցքային երկրների ներկայացուցիչներ մոտեցան ինձ, իրենց գոհունակությունը հայտնեցին ու սկսեցին ճշտումներ անել, թե ով է Սաֆարովը: Մարդիկ նույնիսկ տեղյակ չէին, որ Ադրբեջանում իշխանությունը տասնամյակներով չի փոխվում: Ադրբեջանի ներկայացուցիչներն էլ ասում էին, թե ինչու եք մեր ներքին խնդիրները քննարկում այս պլատֆորմում»,- ասաց Կոնջորյանը:
Մեկնաբանել