
Հոկտեմբերի 8-ին տեղի կունենա «Ալավերդի բժշկական կենտրոնի» տնօրենի ընտրության մրցույթը
Ալավերդու բժշկական կենտրոնում մթնոլորտը լարված է: Տնօրենի՝ հոկտեմբերի 8-ին կայանալիք ընտրության մասին բժշկական կենտրոնի աշխատողները վախենում են բարձրաձայն խոսել:
Հոկտեմբերի 8-ին Լոռու մարզպետարանում տեղի կունենա «Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի ընտրության մրցույթը: Մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել բժշկական կենտրոնի գործող տնօրեն Ստեփան Մոսինյանը, Ստեփանավանի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժնի վարիչ և Վանաձորի բժշկական կենտրոնի վիրաբույժ Գևորգ Ազարյանը, Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկայի քիթ, կոկորդ, ականջաբան Անուշ Իսպիրյանը և «Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի փոխտնօրեն Հովիկ Ավետիսյանը: Բժշկուհի Անուշ Իսպիրյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, իր հետ աշխատող բուժքրոջ միջոցով հայտնեց, որ խիստ զբաղված է, պարապում է մրցույթին մասնակցելու համար:
Ստեփան Մոսինյանը վերջին 11 տարիներին ղեկավարել է Ալավերդու բժշկական կենտրոնը: Մեզ հետ զրույցի հենց սկզբում Ս. Մոսինյանն ասաց, որ Հայաստանի ոչ մի առողջապահական կառույց, համենայն դեպս վերջին 10 տարիներին, չի կարող իր ղեկավարած Ալավերդու բժշկական կենտրոնի ձեռքբերումներն ունենալ: Մոսինյանը բժշկական կենտրոնի տնօրենի ընտրության մրցույթին առաջադրված 4 թեկնածուներից ոչ մեկին իրեն արժանի մրցակից չհամարեց: Իր ասելով` տնօրենի պաշտոնավարման տարիներին անդամակցել է Հանրապետական կուսակցությանը, սակայն 1,5 տարի առաջ հեռացել է կուսակցությունից:
«Ես ուղղակի մի բանից եմ զարմանում, ոնց կարող է մարդը անհատ ձեռներեցությամբ չզբաղվել, կառավարման գործին չտիրապետել ու ցանկություն հայտնել տնօրեն դառնալու: Տնօրեն հասկացությունը չի նշանակում գնալ, վայելել, օգտվել և չգիտեմ ինչ անել»,- ասաց Ստեփան Մոսինյանը: Ալավերդիում խոսում են, որ Ստեփան Մոսինյանը առողջապահական ոլորտի հետ առնչվող բիզնեսներ ունի։
Ս. Մոսինյանը պատմեց, որ այդ մասին իր դեմ բողոք է ներկայացրել տնօրենի այսօրվա թեկնածուներից մեկը: «Պատկան մարմինները ստուգել են: Անձամբ իմ անունով սեփական բիզնես չունեմ: Կարա իմ կինը բիզնես ունենա: Ես այսօր կարող եմ ունենալ սեփականություն, լինել դրա հիմնադիրը, ունենալ 10 տոկոս փայ: Բայց գործունեությամբ չզբաղվել, այդ տեսակ բիզնես չունեմ, որ անձամբ ես եմ զբաղվում»,- պարզաբանեց զրուցակիցս:
Տնօրենի թեկնածու վիրաբույժ Գևորգ Ազարյանը հակառակը պնդեց. «Ես գիտեմ, որ Ստեփան Մոսինյանը տարիներ շարունակ Ալավերդու բժշկական կենտրոնում գտնվող իր սեփական դեղատան միջոցով վերահսկում է բժշկական կենտրոնում հաշվառված դիսպանսեր հիվանդներին պետպատվերով դեղորայքի մատակարարումը: Բայց չգիտեի, որ նրա այդ բիզնեսը կինն է ղեկավարում, դա ինձ համար նորություն է»:
Գևորգ Ազարյանը երեք տարի Ալավերդու բժշկական կենտրոնի հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ է աշխատել:
Վիրաբույժ Գ. Ազարյանն ասում է, որ Ստեփան Մոսինյանը անհարգալից է վերաբերվում աշխատողների հետ, բժիշկներին և աշխատողներին պահում է վախի մթնոլորտում:
«Մարդիկ այդպես երկար չեն կարող դիմանալ: Հիմա էլ իմ կնոջ հետևից է ընկել: Կնոջս աշխատավարձն է կրճատել»,-ասում է Վ․Ազարյանը։
«Մի գեղեցիկ օր, Ազարյանն առանց ինձ հետ քննարկելու եկավ դիմում ներկայացրեց՝ 10 օր իր հաշվից արձակուրդ վերցնելու համար: Մենք շատ լավ հարաբերություններ ենք ունեցել: Ես առանց պատճառը հարցնելու իրեն դիմումը մակագրեցի: Դրանից հետո հաջորդեց աշխատանքից ազատման նրա դիմումը: Ոչ մի տարաձայնություն չի եղել մեր մեջ: Բացարձակ խոսք էլ չենք փոխանակել: Դիմումին հաջորդեց Ազարյանին աշխատանքից ազատելու իմ հրամանը»,- ասում է Ս․Մոսինյանը։
Մոսինյանն ասում է` 99,9 տոկոսով հավատացած է, որ Գևորգ Ազարյանի և Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկայի բժշկուհի Անուշ Իսպիրյանի թեկնածությունը առաջադրվել է բժշկական կենտրոնի տնօրեն վերընտրվելու գործում իրեն խոչընդոտելու համար:
«Հարգելիս, ստեփանավանցի Անուշ Իսպիրյանը, որը կաբինետային բժշկուհի է աշխատում Վանաձորի 5-րդ պոլիկլինիկայում, ի՞նչ եք կարծում, նման քայլ կանի՞, կգա որտեղից որտեղ Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն աշխատելու: Հիմա մտածեք»,- ասաց Ս. Մոսինյանը:
Տնօրենն ասաց, որ վերջին 1,5 տարում առողջապահության նախարարությունում և Լոռու մարզպետարանում իր աշխատանքները գնահատվել են բարձր: Մտադիր է ընտրվելուց հետո ներկայացնել «Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի 2020-2025թթ. հեռանկարային զարգացման պլան։ Այս պահին պատրաստվում է տնօրենի ընտրության մրցույթին. պետք է գրավոր պատասխանի առաջադրված 15 հարցերի, բանավոր 5 հարցերի։ «Հարցաշարին անգիր պատասխանելը դեռ չի նշանակում, թե կարող են թեկուզ մանկապարտեզի մի խումբ ղեկավարել: Առողջապահության ոլորտը շատ բարդ կառույց է»,- ասաց նա:
Հիշեցրի, որ տնօրենի թեկնածուներից 3-ը մասնագիտությամբ բժիշկներ են: «Հարգելիս, ես նրանց երկուսի գործունեությանը տեղյակ եմ: Գևորգ Ազարյանինը՝ շատ լավ, իսկ թեկնածու Անուշ Իսպիրյանի գործունեությունը ուսումնասիրել եմ»,- պատասխանեց Ս. Մոսինյանը։
Բժշկական կենտրոնի հիվանդանոցային գծով փոխտնօրեն Հովիկ Ավետիսյանը մտերիմ հարաբերությունների մեջ է Ստեփան Մոսինյանի հետ: «Լուրջ է տնօրենի Ձեր թեկնածու առաջադրվելը, թե ձևական»,-հարցրի նրան:
«Առաջադրվելը ոնց կարող է ձևական լինել: Թեկնածությունս դրվել է: Մրցույթի ընթացքը ցույց կտա թեկնածությունս հանելու եմ, թե՝ ոչ»,- բացատրեց նա: Հովիկ Ավետիսյանը հայտնեց, որ Ալավերդու բժշկական կենտրոնի ամենամեծ պրոբլեմը երիտասարդ բժիշկ- մասնագետների խնդիրն է: Պետական բժշկական համալսարանն ավարտող երիտասարդ բժիշկները դժվարությամբ են գալիս Ալավերդի աշխատելու: Իսկ բժշկական կենտրոնի բժիշկները բոլորն արդեն կենսաթոշակի տարիքի են: Հ. Ավետիսյանը նաև ասաց, որ Ալավերդու բժշկական կենտրոնը մարզային մյուս բուժհիմնարկների համեմատ ունի առավել հագեցած սարքավորումներ։
Մեկնաբանել