
Խորհրդարանը քննարկում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու ԱԺ որոշման նախագիծը
Խորհրդարանում քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու ԱԺ որոշման նախագիծը։
ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը մինչ նախագծի քննարկումն ասաց, որ խորհրդարանի աշխատակազմը Հրայր Թովմասյանին պատշաճ կերպով հրավիրել է մասնակցելու այս նիստին։
«Պարոն Թովմասյանն, ըստ էության, որոշել է չմասնակցել»,- ասաց նա։
Նախագծի հիմնական զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց այն հիմնավորումները, որոնցով, ըստ քաղաքական մեծամասնության, Հրայր Թովմասյանը Ռոբերտ Քոչարյանի՝ ՍԴ-ում քննվող գործի շրջանակում կարգապահական էական խախտում է թույլ տվել։
Առաջին հիմնավորումն այն է, որ Հրայր Թովմասյանը Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումատու Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի քավորն է, ուստի վերջինիս նկատմամբ կարող է կանխակալ վերաբերունք ունենալ։
Ըստ հիմնական զեկուցողի՝ Հրայր Թովմասյանի՝ դատավարության մասնակցության անհնարինությունը պայմանավորված է նաև Հրայր Թովմասյանի և ՀՀԿ-ի, ինչպես նաև ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ փոխկապակցվածության հիմքերով: Սուրեն Գրիգորյանը հիշեցրեց, որ Հրայր Թովմասյանը ՀՀԿ իշխանության տարիներին բարձր պաշտոններ է զբաղեցրել, ուստի Հրայր Թովմասյանը որոշումներ կայացնելիս կարող է կաշկանդվել ՀՀԿ և դրա նախագահ Սերժ Սարգսյանի շահերով։
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստանը» կողմ է քվեարկելու նախագծին, իսկ «Բարգավաճ Հայաստանը» չի մասնակցելու քվեարկությանը։
Մեկնաբանել