
«Եթե նորից ծնվեի, անպայման կզբաղվեի միայն մեղվաբուծությամբ»,- ասում է շամուտցի Ենոք Վանեսյանը
Մոտկորի ծաղկատեսակների բազմազանությունը հնարավորություն են տալիս ստանալ բարձրորակ մեղր: «Նախանցյալ տարի վատ չէր, մինչև 900 կգ մեղր եմ ստացել, չհաշված, ասենք, բարեկամներ են, հարևան է, ընկեր է` իմ արտադրած մեղրի հյուրասիրությունները, մաքուր մեղր էդքան հանել ենք: Անցյալ տարի հեչ չեղավ մեղր, բայց այս տարի` լավ է»,- ասում է Շամուտ գյուղի 82-ամյա մեղվաբույծ Ենոք Վանեսյանը:
Մեղվաբույծն ասում է, որ մեղուների լավ բերքատվության համար պետք է լինի տաք և խոնավ եղանակ: Սառը եղանակին ծաղիկը նեկտար չի արտադրում կամ քիչ է արտադրում: Բայց եթե տաք ու խոնավ եղանակ է, անպայման մեղվաբերքը արտադրվում է բարձր ցուցանիշով:
Ենոք Վանեսյանը 60 տարի է՝ զբաղվում է մեղվաբուծությամբ: Խորհրդային տարիներին Շամուտի մեղվաբույծն է եղել: Երկու գործընկերների հետ սովխոզի 70 մեղվաընտանիք են պահել:
«Գեղի աշխատող մարդ եմ: Ես 82 տարեկան եմ, բայց մինչև էսօր դեռ աշխատանքի մեջ եմ»,- իր մասին պատմում է նա:
Մեղվաբուծության գործում հմտանալու համար 1972թ.-ին Շամուտի սովխոզից Ենոք Վանեսյանին գործուղել են Երևան:
«Էն ժամանակ մեղվաբուծության վարչություն կկոչվեր, հիմա չգիտեմ կա, չկա էդ հիմնարկը: Մի կլոր տարի մեղվաբուծության գործը էդտեղ սովորեցի»,- հիշում է նա:
Ասում է՝ երեխա ժամանակներից է սիրել մեղուների հետ աշխատել, և մեղվաբուծությամբ զբաղվելով՝ հասել է իր նպատակին:
«Փառք Աստծո, էդ գործով երեխեքիս սովորելու եմ ուղարկել: Հուսով եմ, որ ինձանից հետո մեղվաբուծության գործը թոռներս կշարունակեն»- նշում է մեղվաբույծը:
Թոռը՝ Դավիթը, որը մեղվաբուծության գործում օգնում է պապին, խուսափում է հարցերից ու զրույցից:
«Գեղի տղա է, ամաչում է: Գեղի վատը դա է, որ երեխեն չի շփվում, կտրված է ամեն ինչից, գիշեր-ցերեկ աշխատում է: Իմ թոռներն աշխատող երեխեք են»,- արդարացնում ու գովաբանում է պապը:
Դավիթին սովորեցրել է մեղվաբուծության գաղտնիքները: Եվ այսօր մեղուների գործում Դավիթն ամեն ինչ պապից էլ լավ է անում:
27-ամյա Դավիթը դեռ ամուսնացած չէ. «Էս թվի երեխեքը դժվար են ամուսնանում»,- դժգոհեց մեղվաբույծը թոռից:
Վանեսյանները նաև 50 կով ունեն, որից 12-ը` կթու: Հպարտանում է, որ այդ ամենն իր տղայի ու թոռների աշխատանքով են ստեղծել:
Վանեսյանը մեծ գերդաստան ունի` 4 երեխա, 9 թոռ, 9 ծոռ: Կինը՝ Ելենը, 10 տարի առաջ է մահացել:
«Փառք Աստծո, երեխեքս լավն են, ամեն ձևով էլ ինձ լավ են նայում: Աստված էդ մի տեղը լավ փայ է տվել»,- ասում է Ենոք Վանեսյանը:
Հիմա, մեղվի ձագերը չհաշված, 60 մեղվաընտանիք ունի: Մեղրն իրացնում է հիմնականում Վանաձորում: Մեղրի 1 կգ-ը վաճառում է 3500 դրամով: Ասում է, եթե մեղրի ընդունման կետ լինի, մի քիչ էժան հանձնելն ավելի ձեռնտու կլինի: Երբեմն մեղրը փոխանակում են այլ ապրանքների՝ կարտոֆիլի, հացահատիկի կամ գյուղատնտեսական այլ մթերքի հետ:
Մեղվաբույծներն իրենց մեղրի անարատության մասին գնորդին հազար ու մի երդումներ են տալիս: Հավատացնում են, թե մեղուներին շաքար չեն տալիս, կերակրում են հենց իրենց արտադրած մեղրով: Ենոք Վանեսյանն ասում է, որ մեղրի որակը ճշգրիտ որոշելու համար երդումներով չպետք է առաջնորդվել, առաջին հերթին մեղրը պետք է ենթարկել լաբորատոր ստուգման:
Փորձառու մեղվաբույծը մեղրի անարատությունը ստուգելու ավանդական մի քանի ձևերի մասին պատմեց: Օրինակ` մեղրը թղթի վրա ես դնում, վառում: Թուղթը, վառվելով, հասնում է մեղրին, շաքար պարունակող մեղրն ամբողջությամ վառվում, սևանում է: Մաքուր մեղրը չի վառվում:
Կարելի է նաև մեղրի որակն ու անարատությունը նրա ծորալու ձևից տարբերակել. եթե մեղրն անարատ է, անգամ ասեղի հաստությամբ ծորալիս, կտրվելու դեպքում, բարձրանում է վերևը և նորից շարունակում ծորալ: Շաքար տված մեղրը ծորալիս որտեղից կտրվեց, էլ չի բարձրանում:
Այսուհանդերձ, Ենոք Վանեսյանը պնդում է, որ այլ մեղվաբույծից ինքը մեղր կառնի միայն լաբորատոր ստուգումից հետո: Մոտկորի մյուս մեղվաբույծների վերաբերյալ գնահատականներ տալը տարեց մեղվաբույծը ճիշտ չհամարեց. «Բայց մեկն է կտրում հազարի անունը: Երբ մեղրը տանում ենք վաճառելու, բոլոր հաճախորդները, որպես կանոն, հարցնում են՝ մաքուր մեղր է»: Ենոք Վանեսյան ասում է` այդ հարցից ինքը վատ է զգում: Բայց իր հաճախորդներին մյուս մեղվաբույծների նման վստահեցնում է, որ անգամ գարնանը մեղուներին իրենց տակին մնացած մեղրով է կերակրում:
Մեղվին շաքար տալու վնասակարության մասին մեղվաբույծը տալիս է իր բացատրությունը. «Շաքարով կերակրելիս մեկ-երկու կաթիլ թափվելու դեպքում էդ հոտին ուրիշ մեղուներ են գալիս, նրանց մեջ պայքար է սկսվում, այդ պայքարում թույլ մեղվին ուժեղները խեղդում են»:
Դրա համար Ենոք Վանեսյանը նպատակահարմար է գտնում աշնանը մեղրը քամելու ժամանակ մեղուների բաժին մեղրն իրենց բնում թողնել: «Ամբողջ կյանքում ես փեթակի տակի շրջանակներից մեղր հանած չկամ»,- ասում է նա:
Նրա բնութագրմամբ բնության մեջ մեղուն ամենաարդար ու աշխատասեր արարածն է: Դրա համար առանձնահատուկ սիրով է աշխատում մեղուների հետ: Չնայած մեղվաբույծի հիացմունքին, մեղուները չեն խնայել և տարիներ շարունակ կծել են նրան:
«Մեղուների համար բարեկամ ու հեռու չկա: Ում հարմարացրին, կծում են: Ուղղակի պետք է մեղուների հետ նուրբ վերաբերել»,- խորհուրդ է տալիս մեղվաբույծը:
Պատմում է, որ մեղուները իրենց ընտանիքի չաշխատող մեղվին հեռացնում են փեթակից. «Դա դաժան որոշում է, բայց դե դա էլ մեղուների օրենքն է»,- ասում է Ենոք Վանեսյանը:
«Եթե նորից ծնվեի, անպայման կզբաղվեի միայն մեղվաբուծությամբ: Ես, քանի կենդանի եմ, անպայման մեղվաբույծ եմ լինելու, որովհետև մեղվաբուծությամբ զբաղվելն իմ տարերքն է»,- ասում է մեղվաբույծը:
Մեկնաբանել