
Խաշթառակում մատնահետքի սարքի էկրանին կարմիր նշան է հայտնվել, կազմվել է արձանագրություն
Տավուշի մարզի Խաշթառակ համայնքի թիվ 38/1 ընտրատեղամասում շարունակվում է մարդկանց հոսքը։ Համայնքն ընտրում է ղեկավար և ավագանու անդամներ։
Այս պահի դրությամբ 1441 ընտրողից քվեարկությանը մասնակցել են 765-ը։ Օգնելու նպատակով գրանցվողների թիվը 70 է։
Հանձնաժողովի նախագահ Արարատ Անտոնյանը նշում է, որ ընտրողներին օգնողների շատ լինելը պայմանավորված է բնակչության մեջ տարեցների մեծ թվով։
Տարեց ընտրողներից մեկը դեռ օգնող չստացած՝ վերադարձավ սարքի մոտ և նորից մատնահետք հանձնեց, նորից գրանցվեց։ Սարքի էկրանին հայտնվեց կարմիր նշան: Այդ մասին հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց ոստիկանության աշխատակցին: Արձանագրություն կազմելուց հետո քաղաքացին կատարեց իր ընտրությունը:
Համայնքապետի թեկնածուները երկուսն են՝ ներկայիս գյուղապետ, անկուսակցական Անդրանիկ Վիրաբյանն ու Արման Մատինյանը։
Անդրանիկ Վիրաբյանը համայնքը ղեկավարում է 2015թ-ից, այդ ժամանակ առաջադրվել էր ՀՀԿ-ի կողմից։ Մինչ ընտրության օրը մյուս թեկնածուները ինքնաբացարկ էին հայտնել։
Մյուս թեկնածուն՝ Արման Մատինյանը, Իջևանում առևտրով է զբաղվում։ Նա մեզ հետ զրույցում նշեց, որ իր ընտրվելու շանսերը «շատ լավ» է գնահատում:
Ընտրատեղամասում դիտորդական առաքելություն են իրականացնում «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչները։ Դիտորդի միջամտությամբ հանձնաժողովի նախագահը, Արման Մատինյանի վստահված անձանցից մեկին՝ Վանեսյան Վահեին, հեռացրեց ընտրատեղամասից, քանի որ ըստ Ընտրական օրենսգրքի՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի մեկ թեկնածուի միայն մեկ վստահված անձ կարող է լինել ընտրատեղամասում։
Հետագայում վստահված անձինք սկսեցին փոխարինել միմյանց։
Համայնքի ավագանու անդամի թեկնածուները յոթն են, բոլորն էլ՝ անկուսակցական:
Նանե Պետրոսյան
Մեկնաբանել