
«Հայկական Հոլիվուդում» համայնքի ղեկավարը ցանկանում է վերընտրվել, որպեսզի կատարի պապին տված խոստումը
Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում թիվ 38/1 ընտրատեղամասը բացվելուց րոպեներ անց մարդիկ ակտիվորեն մասնակցում են համայնքի ղեկավարի և ավագանու հերթական ընտրություններին։
Համայնքապետի թեկնածուները երկուսն են՝ ներկայիս համայնքապետ, անկուսակցական Անդրանիկ Վիրաբյանն ու կրկին անկուսակցական Արման Մատինյանը։
Անդրանիկ Վիրաբյանը համայնքը ղեկավարում է 2015թ-ից, այդ ժամանակ առաջադրվել էր ՀՀԿ-ի կողմից և ընտրության օրը մյուս թեկնածուները ինքնաբացարկ էին հայտնել։
Մյուս թեկնածուն՝ Արման Մատինյանը, Իջևանում առևտրով է զբաղվում։
Անդրանիկ Վիրաբյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ գյուղում մեծ անելիքներ ունեն, բայց առաջնային խնդիրը շարունակում է ջրագիծը մնալ․
«Ամենամեծ խնդիրը, որ ցանկացել եմ վերընտրվեմ և լուծեմ դա խմելու ջրագիծն է, քանի որ նախորդ ջրագիծը 60-ականներին իմ լուսահոգի պապն է քաշել, ու ես իրեն խոստացել էի, որ կանեմ»։
«Շատ ուրախ եմ, որ իմ հետ ևս մեկ թեկնածու կա, քանի որ առաջին ընտրություններին թեկնածու չի եղել։ Ես որևէ մեկի հետ կապված որևէ խնդիր չունեմ և պարտվելու դեպքում, միանշանակ, պատրաստ եմ շնորհավորել, քանի որ սա ժողովրդի ընտրությունն է, ինչ-որ անձի կամ շահի խնդիր չէ։ Ժողովուրդը պետք է որոշի՝ ում վստահի, ով իր համար ավելի լավ կաշխատի ի շահ համայնքի զարգացման»,- նշեց համայնքապետը:
Հանձնաժողովի նախագահ Արարատ Անտոնյանն ընտրության ընթացքը նորմալ է գնահատում․
«Շատ ակտիվ մասնակցում են, շարժ կա, ընթացքը նորմալ եմ գնահատում։ Կարծում եմ այսպես էլ կշարունակվի, և որևէ խնդիր չի առաջանա»,- նշում է նա։
Ընտրատեղամասում գրանցվածների թիվը 1441 է, ժամը 11։00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է 281 մարդ։
Ընտրատեղամասում դիտորդական առաքելություն են իրականացնում «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչները։
Խաշթառակ համայնքին տեղացիները «Հայկական Հոլիվուդ» են ասում, քանի որ հենց այստեղ են նկարահանվել «Մենք ենք, մեր սարերը», «Տղամարդիկ» և մի շարք այլ հայկական ֆիլմեր։
Նանե Պետրոսյան
Մեկնաբանել