
Արագածոտնի մարզում անտառ են վարձակալել գյուղապետը, նախկին պատգամավորի եղբայրն ու անտառապահը
Անտառային կոմիտեի Արագածոտնի անտառտնտեսության վարձակալների գերակշիռ մասը վարձակալած տարածքները չի օգտագործել և չի օգտագործում։ «Հետքը» Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու մարզերի անտառային տարածքների վարձակալությունների պատմություններն արդեն հրապարակել է։ Այս անգամ մենք եղանք Արագածոտնի մարզի անտառային տարածքներում։ 10840 հա տարածք զբաղեցնող Արագածոտնի մարզի անտառներից վարձակալության է տրված անտառային 8 տարածք, ընդհանուր՝ 22 հա մակերեսով: Բոլոր վարձակալներն անհատներ են:
Վարձակալ Հակոբ Երիցյան
Այս մարզի խոշոր վարձակալը ուջանցի Հակոբ Երիցյանն է: Նա 2006թ. հանգստի գոտի կազմակերպելու նպատակով 60 տարով վարձակալության է վերցրել 10 հա անտառային տարածք, որի դիմաց վճարում է 120․000 դրամ:
Հակոբ Երիցյանի տարածքը Բյուրական գյուղի մոտակայքում է: Վարձակալը 13 տարի է՝ որևէ կերպ չի օգտագործել տարածքը: Հակոբ Երիցյանը Տրանսպորտի և կապի նախկին փոխնախարար Դավիթ Երիցյանի եղբայրն է, Դավիթ Երիցյանն այնուհետև՝ 2-րդ գումարման ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր է ընտրվել:
Վարձակալ Էդուարդ Ղարիբյան
Էդուարդ Ղարիբյանը 2011-2036թթ. Ժամկետով վարձակալության է վերցրել 1 հա տարածք՝ 144 հազար դրամ տարեկան վարձավճարով: Տարածքում սեզոնային հանգստի համար նախատեսված տնակներ և տաղավարներ կան, որոշները՝ բետոնե հիմքերով: Էդուարդ Ղարիբյանը, ինչպես տեղեկացանք, ապարանցի գեներալ-լեյտենանտ Նվեր Թորոսյանի զարմիկն է: Նվեր Թորոսյանը ՌԴ ազգային անվտանգության հիմնախնդիրների միջազգային ակադեմիայի գեներալ-մայոր է, Կազակական զորքերի գեներալ-լեյտենանտ, նաև գործարար է:
Վարձակալ Արայիկ Մանուկյան
35 տարի ժամկետով, հանգստի գոտի կազմակերպելու նպատակով 0.24273 հա տարածք 2010թ.-ին վարձակալել է նաև Արայիկ Մանուկյանը, նույն ինքը՝ Արագածոտնի մարզի Օրգով համայնքի ղեկավարը: Նա ՀՀԿ անդամ է, համայնքի ղեկավար ընտրվել է 2012-ին: Արայիկ Մանուկյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ տարածքը վարձակալելու ժամանակ պետական պաշտոն չի զբաղեցրել, իսկ տեղադրված տաղավարների վարձավճարը ֆիքսված չէ՝ գյուղացիներից և ծանոթ մարդկանցից գումար չեն վերցնում, մյուսներից` 5-ից 10 հազար դրամի միջակայքում։ Տարածքը Ամբերդ գետի ափին է, որտեղ հանգստի համար նախատեսված տաղավարներ են տեղադրված:
Վարձակալ Արարատ Թադևոսյան
Արարատ Թադևոսյանը 2010-ին 35 տարի ժամկետով 0,73 հա տարածք է վարձակալել նույնպես հանգստի գոտի կազմակերպելու նպատակով: Դրա դիմաց վճարում է 110 հազար դրամ: Ձորի բերանին գտնվող այս տարածքը որևէ կերպ չի օգտագործվում: Արարատ Թադևոսյանը Բյուրականի բնակիչ է։ Տարիներ առաջ հայտնվել էր դատարանում իր համագյուղացու հետ գյուղի տարածքում գտնվող 5-6-րդ դդ. «Եկեղեցի Արտավազդիկ» հուշարձանի տարածքում հողային տաղավար տեղադրելու, հողային աշխատանքներ և այլն կատարելու համար։ Դատարանը պարտավորեցրել էր Բյուրականի բնակիչներին վերականգնել հուշարձանի նախկին տեսքը։
Վարձակալ Աղվան Արամյան
Աղվան Արամյանը 2008թ. 20 տարի ժամկետով վարձակալության է վերցրել 1 հա տարածք՝ հանգստի գոտու, խոտհարքի և ձկնաբուծության նպատակով: Դրա դիմաց պարտավորվել է վճարել 144000 դրամ: 1 հա անտառային տարածքը երկու տարբեր տեղերում է: Մեկում՝ հանգստի տաղավար կա, երկրորդում՝ երկաթե տնակ՝ փայտյա «շապիկով»: Առաջին տարածքում վարձակալը ծառատունկ է իրականացրել, եղևնիներ է տնկել, որոնց մեծ մասն արդեն աճում է: Աղվան Արամյանը Լուսագյուղից է, նախկինում հենց Լուսագյուղի անտառապահն է եղել։
Վարձակալ Էդուարդ Հակոբյան
2010թ.-ին Էդուարդ Հակոբյանը 25 տարի ժամկետով վարձակալության է վերցրել 1,36 հա տարածք, որի դիմաց վճարում է 196 հազար դրամ:
Էդուարդ Հակոբյանի տարածքը Ապարան-Եղիպատրուշ գյուղի ճանապարհին է: Վերջինս, սակայն, անձամբ չի օգտագործում այն, այլ ենթավարձակալության է տվել Կոտայքի մարզի Քասախ համայնքում հաշվառված Հրաչիկ Մելքոնյանին: Տարածքը սեզոնային հանգստի համար է նախատեսված, տեղադրված են տաղավարներ:
Վարձակալ Լիպարիտ Դանիելյան
2010թ. Լիպարիտ Դանիելյանը Բյուրականի մոտակայքում 3 հա տարածքը վարձակալել է 35 տարի ժամկետով: Դրա դիմաց վճարում է 60 հազար դրամ: Այն պետք է վերածեր հանգստի գոտու և կանաչապատեր տարածքը: Սակայն որևէ գործունեություն չի իրականացնում:
Վարձակալ Մարգարիտ Արսենյան
Մարգարիտ Արսենյանը 2015-2040թթ. Ժամկետներով վարձակալել է 5 հա տարածք՝ 200 հազար դրամ տարեկան վարձավճարով: Անտառապահ Մարատ Հովակիմյանը հայտնեց, որ Մարգարիտ Արսենյանը հանգուցյալ Վոլոդյա Արսենյանի կինն է, ով նախկինում աշխատել է տարածքի ճամբարում, իսկ տիկինը որպես ամուսնու հիշատակ, տարածքը վերցրել և խնամում է: Այն երկաթբետոնե ցանկապատով է առանձնացված:
Վարձակալած և չօգտագործած տարածքների պայմանագրերը չխզելու վերաբերյալ մեր հարցին ի պատասխան Անտառային կոմիտեից հայտնեցին, որ վարձակալության պայմանագրերին առնչվող բոլոր հարցերն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողով է ստեղծվել։ Հանձնաժողովի գործունեությանը կանդրադառնանք առաջիկայում։
Մեկնաբանել