
Մարսելի գլխավոր հյուպատոսը չի հայտարարագրել իր ունեցվածքը
Մարսելում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարտան Սիրմակեսը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացնում իր գույքի ու եկամուտների վերաբերյալ տեղեկություններ, ինչի համար ենթարկվել է վարչական տույժի: Գլխավոր հյուպատոսը չի ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Սկզբում պաշտոնյայի նկատմամբ կիրառվել է «նախազգուշացում» վարչական տույժ, սակայն դրանից հետո 30-օրյա ժամկետում էլ վերջինս չի հայտարարագրել իր ունեցվածքը:
Այս անգամ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը որոշել է կիրառել վարչական տույժ՝ 200.000 դրամ տուգանք:
Նշենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքի 40-րդ հոդվածի համաձայն՝ վարչական տույժ նշանակելը վարչական իրավախախտում կատարած անձին չի ազատում այն պարտականության կատարումից, որը չկատարելու համար նշանակվել էր վարչական տույժ:
Նույն օրենքի համաձայն, հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու դեպքում վարույթի նյութերը պատճառաբանված որոշմամբ ուղարկվում են գլխավոր դատախազություն:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը որոշումը կայացրել է օգոստոսի 21-ին, սակայն այն հրապարակվել է օրերս:
Մեկնաբանել