
Մեծ Այրումի երեխաները Ալավերդու պատկերասրահում կազմակերպված ցուցահանդեսին ներկայացել էին հայրենի գյուղի բնանկարներով
Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղում Հայատանի Անկախության տոնի առթիվ բացվել է փախստականներով բնակեցված Մեծ Այրում գյուղի երեխաների նկարների ցուցահանդեսը: Այն կգործի մեկ ամիս: «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) գյուղական համայնքի երեխաների նկարելու տաղանդի դրսևորման համար Մեծ Այրումում արդեն 3-րդ տարին է՝ բացել է նկարչական խմբակ: Ցուցահանդեսին ներկայացված էին նկարչական խմբակի 4 աշակերտների նկարներ: Մյուսների նկարները Ալավերդու պատկերասրահի ցուցասրահում չէին ներկայացվել՝ Երևանի ՔՈԱՖ-ի կենտրոնում՝ սեպտեմբերի 28-ին կայանալիք ցուցահանդեսին ներկայացվելու համար:
«Ծնողներս գաղթել են Ադրբեջանի Դաշկեսանի շրջանի Կուշչի գյուղից: Մոտ 30 տարի ապրում ենք Մեծ Այրումում: Ես չեմ տեսել Կուշչի գյուղը: Այնտեղ ծնվել են 86-ամյա պապս, տատս և ծնողներս: Հատկապես պապս հաճախ է խոսում Կուշչիի բնության և դաշտերի գեղեցկության մասին: Այսուհանդերձ, ինձ համար անփոխարինելի վայր էր իմ ծննդավայր Մեծ Այրումը: Ես նկարում եմ Մեծ Այրումի անտառները, Լոռվա բնությունը: Նկարներիս մեջ իմ հոգին ու սերն եմ դնում ծննդավայրիս նկատմամբ»,- ասում է Լյուդմիլա Շիրվանյանը:
Նա ցուցահանդեսին ներկայացրել է «Մեծ Այրում» նկարը: Լյուդմիլան սովորում է Մեծ Այրումի դպրոցի 12-րդ դասարանում:
«Դպրոցն ավարտելուց հետո պետք է փորձեմ ընդունվել Երևանի գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիա»,- ասաց նա:
Մարտա Մելքումյանը սովորում է Վանաձորի պոլիտեխնիկական քոլեջում: Մարտան ապրում է Փոքր Այրումում: Ցուցահանդեսին ներկայացվել են Մարտայի 5 ստեղծագործություններ:
«Հիմնականում նկարում եմ բնապատկերներ: Առաջին բնանկարը Մեծ Այրումի անտառներում եմ նկարել: Այն կոչել եմ «Մեծ գյուղը»: Նկարներիս գունային ոճը ես եմ ընտրել: Երկրորդ նկարում Մեծ Այրումի հացահատիկի աշնանային դաշտերն եմ նկարել։ Ես ամառն եմ սիրում նկարել: Մեծ Այրումում նախկինում բնակվել են ադրբեջանցիներ: «Գյուղամիջյան ճանապարհներ» նկարս նկարել եմ ադրբեջանցիների գերեզմանատնից»,- պատմեց Մարտան:
Անժելիկա Գաբրիելյանի նկարներից մեկը վերնագրված է «Ամառ»: Անժելիկան ասում է` երկու օրում է այդ նկարը նկարել: «Այդ ժամանակ մենք ամբողջ խմբով Հաղպատում պլենարի էինք: Նկարելիս ես պետք է որսայի բնության գունային փոփոխությունները»,- պատմեց նա:
Աննա Խուդինյանը Մեծ Այրումի հարևան Ճոճկան գյուղից է, նա նույնպես նկարչություն է սովորել ՔՈԱՖ-ի նկարչական խմբակում: Աննան երեք նկարներով էր ներկայացել ցուցահանդեսին:
«Ես նկարել եմ Հաղպատի եկեղեցին: Նկարս ուղղակի բնանկար եմ վերնագրել: Սովորում եմ Ալավերդու ուսումնարանի մետալուրգիական բաժնում, բայց ես փոխելու եմ մասնագիտությունս, երազում եմ նկարիչ դառնալ»,- ասաց Աննան:
Նկարիչ Վարդան Վարդանյանի խոսքով, խմբակներում ընգրկված 25 երեխաներից 8-ը պարապմունքներին հանդես են եկել ուրախացնող արդյունքներով: Հենց 1-ին տարում խմբակի անդամներից Տիգրանուհի Նազարյանն ընդունվել է Երևանի գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի հագուստի մոդելավորման բաժին: 2018-ին Էլզա Առաքելյանն ընդունվել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի նկարչության ֆակուլտետ:
Խմբակների պարապմունքներն անցկացվում են Մեծ Այրումի դպրոցում:
ՔՈԱՖ-ը հատկացված տարածքում լավագույն պայմաններ է ստեղծել՝ գյուղաբնակ երեխաների նկարչական տաղանդի բացահայտման և զարգացման համար: Խմբակի անդամները մասնակցել են պլեների, որտեղ բնության մեջ նրանց ուսուցանվել է արևի, լույսի և օդի ազդեցությամբ պայմանավորված գույների փոփոխությունների վերարտադրումը:
«Դա ՔՈԱՖ-ի ծրագրում չկար: Բայց այն, ինչ ես առաջարկել եմ երեխաների նկարչական ընդունակությունների զարգացման համար, ՔՈԱՖ-ն անմիջապես արձագանքել և պայմաններ է ստեղծել դրանք իրականացնելու համար»,- ասաց Վարդան Վարդանյանը:
«Ցուցահանդեսում ներկայացված նկարները՝ կապված երեխաների տարիքային ընկալումների հետ, շատ դրական եմ գնահատում: Նկարչական խմբակների հիմնական խնդիրը երեխաներին նկարչության այբուբենը ուսուցանելն է: Ցուցահանդեսում ներկայացած երեխաներն արդեն նկարչության այբուբենը գիտեն, նրանց համար դեպի արվեստ ճանապարհը բացված է»,- ասաց պատկերասրահի տնօրեն Ռաֆայել Ջավախյան:
Մեկնաբանել