
Սյունիքի փոխմարզպետը՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու մասին
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով։ Այս մասին «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է փոխմարզպետը։
Բաբայանը, սակայն, չի հայտնել թե զինծառայողների պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի որ հոդվածի հատկանիշներով է ազատվել։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք պատրա՞ստ է կրկին բժշկական փորձաքննության ենթարկվել, Բաբայանը պատասխանել է։
«Սկսած 2012 թվականից` բազմիցս ենթարկվել եմ բժշկական փորձաքննության, որոնք հաստատել են խնդրի առկայությունը, և դրանց արդյունքների հավաստիությունը կասկածի տակ դնելու հիմքեր չեմ տեսնում»։
Նարեկ Բաբայանը Սյունիքի փոխմարզպետ է նշանակվել 2018 թվականի հունիսի 27-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
Հիշեցնենք, որ «Հետքը» պարբերաբար անդրադառնում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատված պաշտոնատար անձանց՝ զինծառայությունից ազատման հիմքերի ուսումնասիրմանը։
Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել