
Նորքի զինված խմբի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանը 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշեց 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Նորքի զինված խումբ անունը ստացած գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին: Վերջինս արգելանքից ազատվեց հենց դատարանի դահլիճից:
Վարդանյանը անազատության մեջ էր 2015 թվականի նոյեմբերից:
Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորք–Մարաշում վնասազերծվել է զինված խումբ:
Ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել է բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության եւ այլ հաստատությունների շենքերի վրա:
Արթուր Վարդանյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը նրա պաշտպանները ներկայացրել էին այսօր տեղի ունեցած դատական նիստի ընթացքում:
Մեկնաբանել