
Նորքի զինված խմբի գործը 4 տարի քննվելուց հետո վերսկսվեց. միջնորդություն ներկայացվեց Արթուր Վարդանյանին գրավով ազատելու վերաբերյալ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, այսօր վերսկսվեց պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի և մյուսների վերաբերյալ Նորքի զինված խումբ անունը ստացած քրեական գործի քննությունը:
2015 թվականին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործը 2016 թվականի նոյեմբերից քննվում էր դատավոր Արմեն Բեկթաշյանի վարույթում, որը վերջերս տեղափոխվել է վերաքննիչ դատարան, ու նիստը վերամակագրվել է դատավոր Մեսրոպ Մակյանին:
Այսպիսով, երեք տարի քննվող գործը սկսվում է նորից այն դեպքում, երբ ամբաստանյալներից մեկը՝ Արթուր Վարդանյանը, արդեն 4 տարի կալանքի տակ է:
Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորք–Մարաշում վնասազերծվել է զինված խումբ:
Ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության եւ այլ հաստատությունների շենքերի վրա:
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է 20 անձ, այդ թվում՝ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գյումրու Կաթոլիկ եկեղեցու քահանա Անտոն Դիկրան Թոթոնջյանը:
Նիստին Արթուր Վարդանյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդեց իր պաշտպանյալ Արթուր Վարդանյանի նկատմամբ ընտրված կալանավորում խափանման միջոցը փոխել այլընտրանքային խափանման միջոց գրավով:
Պաշտպանը նշեց, որ Վարդանյանն առողջական լուրջ խնդիր ունի, որն առաջացել է կալանքի տակ գտնվելու ընթացքում:
Պաշտպանության կողմն առարկություններ չներկայացրեց միջնորդության վերաբերյալ, իսկ դատախազ Էդգար Արսենյանը նշեց, որ գրավը չի կարող ապահովել Վարդանյանի պատշաճ վարքագիծն ազատության մեջ: Դատախազն, այսպիսով, առարկեց միջնորդության դեմ:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու:
Մեկնաբանել