
Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար. «Բանակցում ենք երկու կողմի հետ»
Այսօր՝ սեպտեմբերի 12-ի առավոտյան, «Հետք»-ի հետ զրույցում Նժդեհ Մադոյանը հաղորդեց, որ Կովսականում շարունակվում են անհնազանդության ակցիաները, դպրոցականների մոտ 70 տոկոսը դպրոց չի գնացել:
«Մեր պահանջները նույնն են, հավաքված ենք շտաբում, սպասում ենք վարչակազմի ղեկավարի հայտարարությանը»,- ասաց Մադոյանը:

Նժդեհ Մադոյանը
Մասնագիտությամբ գյուղատնտես Նժդեհ Մադոյանի կողմնակիցները համաձայն չեն և չեն ընդունում Կովսականի դպրոցի ուսուցիչ, փոխքաղաքապետ Սուրեն Քարամյանի հաղթանակը, որը նախնական արդյունքներով ութ ձայնի տարբերությամբ սեպտեմբերի 8-ին կայացած Կովսականի համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է 166 ձայն ստացած Նժդեհ Մադոյանին: Երկուսն էլ ինքնառաջադրվել են, Նժդեհ Մադոյանը անկուսակցական է, Սուրեն Քարամյանը՝ կուսակցական («Ազատ Հայրենիք»):
Մադոյանի կողմնակիցները Սուրեն Քարամյանից ինքնաբացարկ են պահանջում, և նոր ընտրություններ: Համարում են, որ ընտրությունների ընթացքում Սուրեն Քարամյանի օգտին վարչական լծակներ են օգտագործվել:

Սուրեն Քարամյանը
Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանն ասում է, որ առաջին անգամ է լսում հայտարարություն անելու մասին, սակայն շարունակաբար ու ակտիվորեն բանակցում է երկու կողմի հետ:
«Անձամբ եմ շփվում նրանց հետ, նաև՝ տեղակալս ու այլ պաշտոնական անձինք: Փորձում ենք բանակցությունների ու քննարկումների տեսքով այս հարցին հանգուցալուծում տալ՝ օրենքի սահմաններում ու հանդարտ պայմաններում: Բանակցությունների բովանդակությունը չեմ կարող հրապարակայնացնել»,- ասաց Ստեփան Սարգսյանը:
Մեզ չհաջողվեց կապ հաստատել Սուրեն Քարամյանի հետ, խոսեցինք հոր՝ Սերոբ Քարամյանի հետ: Ըստ Կովսականի դպրոցի տնօրեն Սերոբ Քարամյանի՝ Նժդեհ Մադոյանը պարտվել է, բայց չի ուզում հաշտվել այդ մտքի հետ:
«Նման դեմագոգ եղանակներով ընտրված թեկնածուի հրաժարականն է պահանջում: Դա է ընդամենը»,-ասում է Սերոբ Քարամյանը:
Ընտրությունների վրա վարչական լծակների կիրառման մասին Սերոբ Քարամյանն ասում է, որ համապատասխան մարմինները զբաղվում են. «Բոլոր խելոք մարդիկ պարզապես կսպասեն դատական ատյանների որոշմանը»:
Արցախի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ, ավագ լեյտենանտ Գառնիկ Ալեքսանյանը հաստատել է, որ Նժդեհ Մադոյանից ընտրախախտման վերաբերյալ հաղորդում ստացել են:
«Այն ընթացքավորված է, հիմա քննություն է ընթանում դրա վերաբերյալ: Այս պահին կոնկրետ ոչինչ չենք կարող ասել»,- նշեց Գառնիկ Ալեքսանյանը:
Մեկնաբանել