
Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործի քննությունը սկսվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում րոպեներ առաջ մեկնարկեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վերաբերյալ Մարտի 1-ից անջատված մասով գործի քննությունը:
Այս գործով կալանքի տակ գտնվող միակ ամբաստանյալը՝ Ռոբերտ Քոչարյանը, «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից բերվել է դատարան: Դատարան են եկել նաև ազատության մեջ գտնվող ամբաստանյալներ Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը: Վերջինս դատարան եկավ բարձր տրամադրությամբ, ժպիտով, նշեց, որ հարցերի չի ցանկանում պատասխանել:
ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ դատարանից ակնկալում է արդարություն: Գեներալ Յուրի Խաչատուրովը լրագրողների հարցերին չպատասխանեց:
Նախկին բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրվում են 2008-ի նախագահական ընտրություններին հաջորդող օրերին Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու կամ տապալելուն օժանդակելու կամ փողերի լվացման մեջ:
Դատարանի դիմաց այս պահին շարունակվում է ամբաստանյալների դեմ և հանուն ամբաստանյալների բողոքի ակցիան, որը մեկնարկել էր ժամեր առաջ: Քաղաքացիների միայն մի մասն է կարողացել դատական նիստերի դահլիճ մտնել, քանի որ տեղերը ներսում արդեն լրացել են: Դատարանում են նաև տուժողներից, տուժողների իրավահաջորդներից ոմանք: Ներկա են նաև Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը և գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Պետրոս Պետրոսյանը:
Մեկնաբանել