
Մարտի 1-ի գործով դատական նիստից առաջ դատարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց հավաքված քաղաքացիները բաժանվել են երկու առանձին ճամբարների: Ժամը 13:00-ին դատարանի շենքում մեկնարկելու է Մարտի 1-ի գործից անջատված մասով անցնող ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործով առաջին դատական նիստը: Քաղաքացիների մի մասը պահանջում է ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, իսկ մյուս մասն այստեղ է նրան, ինչպես նաև մյուս ամբաստանյալներին, ազատազրկելու պահանջով:
Դատարանի դիմաց կենտրոնացված են մեծ թվով ոստիկանական ուժեր և մեքենաներ:
Նշենք, որ գործը քննելու է դատավոր Աննա Դանիբեկյանը: Այս պահին դեռևս ամբաստանյալներից որևէ մեկը դատարան չի ներկայացել կամ բերվել:
Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:
Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ:
Մեկնաբանել