
Շիրակի մարզպետն ու փոխմարզպետը՝ զինվորական ծառայությունից ազատվելու մասին
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվել են և՛ Շիրակի մարզպետը, և՛ փոխմարզպետը:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է ակադեմիական տարկետման՝ գիտական աստիճան ունենալու հիմքով:
Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Շիրակի մարզպետարանից:
«Տեղեկացնում եմ, որ 2005 թվականին ազատվել եմ պարտադիր զինվորական ծառայությունից՝ տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստանալու կապակցությամբ և մինչև 2017թ. դասավանդել եմ ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում, որտեղից և նպատակային ուղարկվել էի ՀԱՊՀ մագիստրոսական ուսումնական ծրագրի»,- հայտնել է մարզպետ Պետրոսյանը:
Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է նաև փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը:
«Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը 2006 թվականին ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից տեսողական խնդիրների պատճառով (հիմք՝ ՀՀ պաշտպանության նախարարի 2006 թվականի N 378 հրամանը, ըստ հիվանդությունների ցանկի 1-ին սյունյակի 85բ հոդվածի): Վարդան Գրիգորյանը պատրաստ է նորից ենթարկվել բժշկական փորձաքննության»,- ասված է մեր հարցման պատասխանում:
«Հետքը» պարբերաբար անդրադառնում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատված պաշտոնյաների՝ զինծառայությունից ազատման հիմքերին:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ստուգվում են գործող ու նախկին պաշտոնյաների զինծառայությունից ազատման հիմքերի օրինականությունը:
Մեկնաբանել