
Գագիկ Ծառուկյանի արտադրամասի վերաբերյալ հանրային վերջին լսումը չի կայացել
Այսօր Կապանի համայնքապետարանում բողոքի ակցիայով է ուղեկցվել «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի կողմից Կապանում ցեմենտի աղացման արտադրամաս կառուցելու վերաբերյալ հանրային չորրորդ լսումը:
Արտադրամասի կառուցմանն ընդդիմացող քաղաքացիները սկզբից փակել էին համայնքապետարանի նիստերի դահլիճի մուտքը, որտեղ պետք է կայանար լսումը: Համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը նրանց հորդորում էր բացել մուտքը՝ նշելով, որ բոյկոտելով հարցը չի լուծվի, եւ որ հանրային քննարկումները տեղի են ունենալու: Փարսյանը կապանցիներին առաջարկեց թույլատրել հանրային լսման անցկացումը եւ հստակ կարծիք, դիրքորոշում հայտնել ծրագրի վերաբերյալ: Ի պատասխան՝ բողոքի ակցիայի մասնակիցներից «ԱՐԿ» բնապահպանական ՀԿ-ի հիմնադիր Արմեն Ղազարյանը նշեց, թե խնդիրն այն է, որ հանրային կարծիքն ինստիտուցիոնալ ձեւով չի ներկայացված, այսինքն՝ ըստ նրա, «լսում են, հետո ինչ ուզում անում են»: Ղազարյանն առաջարկեց իրականացնել այնպիսի գործողություններ, որոնց արդյունքում հանրային լսման ամբողջ գործընթացը փոխվելու է, այսինքն՝ ձեւական բնույթ չի կրելու:
Ի վերջո, ակցիայի մասնակիցները բացեցին մուտքը, սկսվեց հարց ու պատասխան, սակայն հանդիպումն իբրեւ հանրային լսում չարձանագրվեց: Գեւորգ Փարսյանը արտադրամասի ծրագրին ընդդիմացողներին առաջարկեց ուսումնասիրել «Արարատցեմենտի» կողմից ներկայացված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) փաստաթուղթը եւ խոսել փաստարկներով: Հանրային չորրորդ լսումն այսպիսով հետաձգվեց:
Ինչպես հայտնի է, նախորդ լսումները եւս անց են կացվել կապանցի ակտիվիստների համառ դիմադրության պայմաններում: Քաղաքացիները մի քանի անգամ խոչընդոտել են դրանց իրականացումը՝ բողոքելով Կապանում ցեմենտի աղացման արտադրամաս կառուցելու ծրագրի դեմ: Իր հերթին «Արարատցեմենտը» դժգոհել էր, թե համայնքապետարանը չի կարողանում ապահովել հանրային լսման անցկացումը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն Կապանում նախատեսում է ցեմենտի արտադրամաս կառուցել: Իրականում դրա շենք-շինություններն արդեն կառուցվել են: Եվ սա՝ այն դեպքում, երբ դեռ ամբողջությամբ չեն կայացել ՇՄԱԳ-ի վերաբերյալ հանրային բոլոր 4 լսումները, չկա շրջակա միջավայրի նախարարության դրական եզրակացությունը, համայնքապետարանն էլ շինթույլտվություն չի տվել: Հիշեցնենք նաեւ, որ «Արարատցեենտի» կապանյան արտադրամասի կառուցման առնչությամբ քրեական գործ էր հարուցվել, որում ներգրավված էր նախկին համայնքապետ Աշոտ Հայրապետյանը, սակայն նրա հանդեպ համաներում է կիրառվել, եւ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Համաձայն ընկերության ներկայացրած նախագծի՝ արտադրամասը գտնվելու է Կապան բնակելի տարածքից 2,5-3 կմ, իսկ արտադրական գոտուց՝ մոտ 200 մ դեպի հյուսիս-արեւելք՝ օդանավակայանի հարեւանությամբ: Ինչպես հյատնի է, օդանավակայանը գտնվում է վերակառուցման փուլում: Նախագծում նշվել է, որ քաղավիացիայի կոմիտեն չի առարկել արտադրական օբյեկտի կառուցման դեմ:
Արտադրամասի տարեկան արտադրողականությունը լինելու է 186 հազար տոննա: Նախագծի համաձայն՝ բացվելու է 64 աշխատեղ, 32-ը՝ բանվորական, նույնքան էլ՝ վարչական կազմի համար: Ընկերությունը ցեմենտի հումքը բերելու է Իրանից, ըստ ընկերության ներկայացուցիչների, Կապանում ցեմենտը միայն աղալու եւ փաթեթավորելու են: Արտադրանքը նախատեսվում է իրացնել ոչ միայն Հայաստանում, այլեւ Արցախում, չնայած խոսակցություններ կան նաեւ դեպի Իրան արտահանելու մասին:
Մեկնաբանել