
Սահմանադրական դատարանը հրապարակեց Քոչարյանի դիմումի գործով որոշման եզրափակիչ մասը
Սահմանադրական դատարանը քիչ առաջ հրապարակեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի գործով որոշման եզրափակիչ մասը:
Խոսքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները և խափանման միջոց կիրառելու հիմքերը սահմանող հոդվածների Սահմանադրությանը համապատասխանությունը ստուգելու վերաբերյալ Քոչարյանի դիմումի մասին է:
Սահմանադրական դատարանը որոշեց.
1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը Սահմանադրության ուժով, հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով ճանաչել Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր։
2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
Որոշումը հրապարակած ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտնեց, որ Սահմանադրական դատարանի երկու դատավոր՝ Ֆելիքս Թոխյանը և Արման Դիլանյանը ունեն հատուկ կարծիք։
Որոշումը ՍԴ կայքում կհրապարակվի հնգօրյա ժամկետում։
Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Քոչարյանը չէր կարող կալանավորվել, նշեց՝ ստացվում է, որ խախտվել է նրա անձնական ազատության իրավունքը:
Նշենք, որ դատարանը դիմումը քննել է գրավոր ընթացակարգով, և երեկ՝ սեպտեմբերի 3-ին, հեռացել խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:
Հիշեցնենք որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:
Մեկնաբանել