
Ձերբակալված դատավոր Գագիկ Հեբոյանի որդին տարիներ շարունակ չի հայտարարագրել ունեցվածքը
Մարտի 27-ին ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալեցին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին։ Վերջինս մեղադրվում է խոշոր չափի կաշառք ստանալու մեջ։ Հեբոյանը դատավոր է 1999 թվականից։
Data.hetq.am-ն ուսումնասիրել է դատավորի հայտարարագրերը` սկսած 2011 թվականից։
Գագիկ Հեբոյանը 2011 թվականին իր ներկայացրած առաջին հայտարարագրում հայտարարագրել է 50 մլն դրամ, իսկ դրա հաջորդող տարում այդ գումարը զրոյացել է՝ վերածվելով 107 հազար ԱՄՆ դոլարի, որը գրեթե համարժեք է 50 մլն դրամին։ Սրանից կարելի է ենթադրել, որ Հեբոյանն իր ՀՀ դրամով միջոցները վերածել է դոլարի։ 2013-2017թթ-ին դատավոր Հեբոյանը շարունակել է ամեն տարի հայտարարագրել է 85 հազար ԱՄՆ դոլար, 2017-ին այդ թիվը կրճատվել է 5 հազարով՝ դառնալով 80 հազար ԱՄՆ դոլար։
Տարօրինակ կերպով դատավորի ֆինանսական միջոցները 2018-ի տարեվերջին «կորել են»․ 80 հազար դոլարից մնացել է 80-ը։ Թե որտեղ են ծախսվել, փոխանցվել կամ «նվիրվել» դատավորի փողերը, մնում է անհայտ։
Դատավորի որդին՝ Գոռ Հեբոյանը երբևէ չի հայտարարագրել իր ունեցվածքը։ Նա նույն հասցեում է գրանցված ծնողների հետ, իսկ «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր անձ պարտավոր է ներկայացնել գույքի և եկամուտների հայտարարագիր:
Ըստ Գոռ Հեբոյանի ֆեյսբուքյան էջի՝ վերջինս աշխատում է պետական եկամուտների կոմիտեում։
Գագիկ Հեբոյանի կինը՝ Մարինե Անաստասյանը, ով մասնագիտությամբ ատամնաբույժ է, տարեկան միջինը 770 հազար աշխատավարձ է հայտարարագրել։
Մեկնաբանել