
Ուսանողը նախաձեռել է թափոնների կառավարման և վերամշակման թեմայով քննարկումներ
Վահան Մարտիրոսյանը Երևանում և մարզերում սկսել է սեմինար-քննարկումների շարք՝ թափոնների կառավարման և վերամշակման թեմաներով։ Ծրագիրը կոչվում է «Զրո թափոն համայնքներում», որի նպատակն է ոչ ֆորմալ կրթության միջոցով ներգրավել երիտասարդներին և ծանոթացնել թափոնների հավաքման, վերամշակողին հանձնելու ընթացքին։ Վահանը սովորում է Երեւանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում։ Նա կարեւորում է երիտասարդների մասնակցությունը բնապահպանական դասընթացներին։
«Զրո թափոն համայնքներում» ծրագրի շրջանակներում համայնքներին կտրամադրվեն թափոնների տեսակավորման աղբամաններ։ Վահանը ցանկանում է, որ համայնքի երիտասարդները կարողանան որոշակի գիտելիք ստանալուց հետո ինքնակազմակերպվել և համայնքներում անցկացնել թափոնների հավաքագրման և տեսակավորման աշխատանքը։
«Զրո թափոն համայնքներում» ծրագիրը համագործակցում է «Էկո աղբ» ՀԿ-ի հետ։ ՀԿ-ի անդամները շրջում են համայնքներով և պատմում իրենց փորձերի մասին, ինչպես նաև պատմում թափոնների տեսակավորման և վերամշակման աշխատանքների մասին, ներկայացնում, թե Հայաստանում թափոնների վերամշակման ինչ գործարաններ են աշխատում։
«Էկո աղբ» ՀԿ-ի ղեկավար Հռիփսիմե Մկրտչյանի կարծիքով՝ մեծ դեր ունի թափոնների վերամշակման իրազեկումը, քանի որ ոմանք կարողանում են կապող օղակ դառնալ քաղաքացու եւ վերամշակողի միջեւ։ «Հայաստանում գրեթե ամեն ինչ է վերամշակվում՝ պոլիէթիլեն, պլաստիկ, ապակի, թուղթ, բայց այլ հարց է ՝ ինչ պայմաններում է վերամշակվում, եթե անգամ չի հավաքագրվում, ապա աղբամանների մեջից են հավաքում թափոնը։ Այս գործում կարեւոր է պետության դերը, որը պետք է շահագրգռի վերամշակողին, որոշակի արտոնություններ տա նրանց»,- ասում է Հռիփսիմե Մկրտչյանը։
Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեանի բնապահպանական կենտրոնի ներկայացուցիչ Հարություն Ալպետյանը նշեց, որ աղբի կուտակումից խուսափելու լավագույն միջոցը շրջանաձեւ տնտեսության մոդելն է։ Ըստ Հարություն Ալպետյանի՝ յուրաքնաչյուր նյութից կարելի է ստանալ կամ էներգիա, կամ այլ նյութ, պարզապես պետք է հաշվի առնել առկա ռիսկերը։ Ըստ Հարություն Ալպետյանի՝ հայաստանյան տնտեսությունն այժմ հիմնված է գծային մոդելի վրա․ այսինքն հումքը վերամշակվում է, օգտագործվում, վերածվում աղբի, եւ աստիճանաբար ավելանում է կենսական եւ տեխնիկական աղբը։
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել