
«Ոսկե ծիրանի» պոեզիան
Ասում են' ամեն ինչում կարեւորը առաջին եւ վերջին տպավորությունն է, իսկ ինչ մեջտեղում է, միեւնույն է, չի հիշվելու: «Ոսկե ծիրան» երրորդ միջազգային կինոփառատոնի դեպքում տեղի ունեցավ ճիշտ հակառակը:
Երեք տարի առաջ կայացած առաջին փառատոնն անցավ բավականին համեստ: Երկրորդը վերածվեց համաքաղաքային տոնակատարության: Երրորդ փառատոնի բացումը, որը տեղի ունեցավ այս տարվա հուլիսի 10-ին, բավականին անշուք էր:
Շարլ Ազնավուրի անվան հրապարակում երեկոյան օրհնվեց ծիրանը: Հետո հավաքվածները մոտ երկուսուկես ժամ սպասում էին անվանի հյուրերին, որոնք պետք է անցնեին նեղ, վարդագույն «կարմիր գորգով» դեպի Մոսկվա կինոթատրոնի Կարմիր դահլիճը, որտեղ էլ կայանալու էր բուն արարողությունը:
![]() |
![]() |
![]() |
Մուտքը դահլիճ հրավիրատոմսերով էր. լրագրողների համար հրապարակում տեղադրվելու էր էկրան՝ արարողությանը դրսից հետեւելու համար: Հրավիրատոմսերի առկայությունը ոչ ոք առանձնապես չէր ստուգում, խոստացված էկրանն էլ բացակայում էր, քանի որ, ինչպես բացատրեց փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը, «դրա համար պատասխանատուները դրժեցին իրենց խոստումը»:
Մայրաքաղաքի մոտ մեկ միլիոնանոց բնակչությունից ներկա էր շուրջ 200 հոգի: Հաղորդավարի ձայնը հուզմունքից դողում էր Կարմիր գորգով անցնող կինոյի մեծերի անուններն արտասանելիս, սակայն ժողովուրդն առանձնապես ջերմություն չցուցաբերեց նրանց ողջունելիս. Գոդֆրի Ռեջիոյի անունը հայ հասարակությանը շատ ավելի քիչ է հայտնի, քան, ասենք, Արնոլդ Շվարցենեգերինը, իսկ Զանուսի ազգանունն ավելի շատ նույնացվում է իտալական տեխնիկայի, քան կինոյի հետ:
Իրավիճակը փոխվեց, երբ գորգին հայտնվեցին ռեժիսոր, փառատոնի նախագահ Ատոմ Էգոյանը եւ դերասանուհի Արսինե Խանջյանը: Լրագրողները եւ ներկաներից շատերը նետվեցին դեպի կանադահայ զույգը՝ ինքնագրեր կորզելու, հարցեր տալու, շփվելու:
Փառատոնը բացեց հայ կինեմատոգրաֆի առաջին ֆիլմը՝ Համո Տեր-Բեկնազարյանի 1926 թվականին նկարահանած «Նամուսը», ավելի ճիշտ' ֆիլմի վերականգնված, թվային տարբերակը:
Բացումն ավարտվեց ջազային համերգով եւ հրավառությամբ: Հրապարակում տեղադրված մետաղյա ձիերին պատեցին թերթերով ու հրկիզեցին: Քամին թռցրեց վառվող թերթի կտորները ուղիղ մարդկանց վրա: Այրվածքներ ստացողները մի քիչ դժգոհեցին, իսկ չտուժածներին էքսպերիմենտը թվաց չափազանց հետաքրքիր:
«Հայաստան. քաղաքակրթությունների եւ մշակույթների խաչմերուկ». այսպիսին էր երրորդ փառատոնի կարգախոսը: Փառատոնին մասնակցեց 92 ֆիլմ 58 երկրներից:
Մրցանակային ֆիլմերը ներկայացված էին երեք անվանակարգերում՝ «Խաղարկային ֆիլմեր», «Վավերագրական ֆիլմեր» եւ «Հայկական համայնապատկեր»:
Ի տարբերություն նախորդ երկու տարիների, այս անգամ փառատոնի կազմակերպիչներն առաջնությունը տվել էին «Հայկական համայնապատկերին», այլ ոչ միջազգային ֆիլմերի մրցույթներին: Եթե անցյալ երկու փառատոններին «Համայնապատկերում» չկար ոչ մի խաղարկային ֆիլմ, ապա այս տարի ներկայացված էր տարբեր երկրներում ապրող հայ կինոռեժիսորների տասնմեկ խաղարկային կինոնկար:
Խաղարկային ֆիլմերի ժյուրին ղեկավարում էր Մորից դե Հադելնը, վավերագրական ֆիլմերինը՝ Գոդֆրի Ռեջիոն, իսկ «Հայկական համայնապատկերին»-ը՝ Արսինե Խանջյանը:
Ֆիլմերի հիմնական թեման մարդն էր՝ հայտնված բարդ իրավիճակներում եւ այդ իրավիճակներից լուծումներ որոնող: Այս տարի շատ էին ֆիլմերը, որոնց գլխավոր հերոսները կանայք էին:
Փառատոնի շրջանակներում կայացան վարպետության դասեր աշխարհահռչակ ռեժիսորների հետ, կազմակերպվեց «Մեկ օր Եվրոպայում»՝ նվիրված եվրոպական կինոյին, հուլիսի 14-ը' Բաստիլի գրավման օրը, նվիրվեց ֆրանսիական կինոյին:
Տեղի ունեցավ իրանցի Մոհսեն Մախմալբաֆի եւ իտալացի Մարկո Բելոկիոյի ֆիլմերի ռետրոսպեկտիվ ցուցադրությունը:
«Փառատոնն առիթ է ոչ միայն ներկայացնելու նորը, այլեւ չմոռանալու հինը»,-նշեց փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը: Փառատոնի օրերին Ազգային պատկերասրահում բացվեց հայկական ֆիլմերի պաստառների ցուցադրությունը՝ որպես կինոյի անցած ճանապարհի վերհիշում:
Փառատոնը նաեւ հրաշալի առիթ էր շփվելու այնպիսի աշխարհահռչակ ռեժիսորների հետ, ինչպիսիք են Արտավազդ Փելեշյանը, Ալեքսանդր Ադաբաշյանը, Քշիշթոֆ Զանուսին, Մայքլ Գլավոգերը, Տոնինո Գուէրան, Ռուստամ Խամդամովը եւ ուրիշներ:
Չի կարելի չհամաձայնել փառատոնի կազմակերպիչների հետ, որ նման մեծություններին Հայաստան բերելու խոստումն ի կատար ածելն, իրոք, արժանի է բուռն ծափահարությունների:
Սակայն, ընդհանուր առմամբ, փառատոնն «աչքի էր ընկնում» իր անկազմակերպվածությամբ: Օրինակ' «Ոսկե ծիրանի» մամլո կենտրոնում ցանկացած հարցի ամենահավանական պատասխանն էր' «դրանով մենք չենք զբաղվում, ոչ էլ տեղյակ ենք, թե ով է զբաղվում»: Կամ' « վաղը ժամը 8-ին «Մոսկվա» կինոթատրոնում Մախմալբաֆին կհանձնվի Փարաջանովի անվան մրցանակը, հենց ֆիլմից առաջ»: Մինչդեռ ֆիլմը ցուցադրվում էր «Նաիրի» կինոթատրոնում, իսկ մրցանակի մասին խոսք անգամ չկար: Կամ' գնում էիր հերթական կինոդիտմանը ու պարզվում էր, որ բացի լրագրողական անցագրից անհրաժեշտ է ունենալ նաեւ հրավիրատոմս, քանզի տեղերը սահմանափակ են: Սա' կիսադատարկ դահլիճի դեպքում:
Ֆիլմերի մեծ մասը թարգմանվում էր հենց տեղում, ընդ որում' հաճախ երկար նախադասության դեպքում թարգմանիչը չէր հասցնում կարդալ նախադասությունը, եւ այն մնում էր անավարտ: Նույնը տեղի էր ունենում ասուլիսներին. թարգմանիչներին օգնում էր ողջ լրագրողական կազմը:
![]() |
![]() |
Ասուլիսներից մեկին արտասահմանցի ռեժիսորները փառատոնը համեմատեցին երեքամյա երեխայի հետ եւ խնդրեցին լրագրողներին ներողամիտ լինել մանկան հանդեպ, որը դեռ պետք է աճի՝ անընդհատ շեշտելով նրա սակավ բյուջեն, որը կազմում էր մոտ 300 000 ԱՄՆ դոլար:
Ըստ կազմակերպիչների՝ այդ գումարից հիսուն հազարը տրամադրել է Հայաստանի կառավարությունը, իսկ մնացածը՝ փառատոնի հովանավորները: Հովանավորների ցանկն էլ, ի դեպ, անվերջ էր: Մնում էր միայն զարմանալ նրանց թվաքանակի մեծության եւ տրամադրած փոքր գումարի վրա:
Փառատոնի հիմնական խնդիրը, կապված նույն դրամական անբավարարության հետ, այն էր, որ տեխնիկական մասն ապահովում էին կամավորները, որոնք առանձնապես ոչ փորձ, ոչ իրենց աշխատանքը բարելավելու ձգտում ունեին: Ընդ որում' կամավոր օգնական դառնալը բավականին բարդ էր, նույնիսկ գործածվում էր «ծանոթով անցնելու» տարբերակը:
Փառատոնի գլխավոր հովանավոր «Վիվա Սելը» պայման էր դրել. բոլոր բացառիկ հարցազրույցները ցուցադրելիս հեռուստաալիքները պետք է տեղադրեն «Վիվա Սելի» գովազդը «Ոսկե ծիրանի» հոլովակի հետ մեկտեղ, բոլոր թերթերը պետք է տրամադրեին հարյուր հիսունական, իսկ ամսագրերը' քսանական օրինակ յուրաքանչյուր հարցազրույցով համարից, ինտերնետային թերթերն էլ պարտավորվում էին իրենց կայքում տեղադրել «Վիվա Սելի» լոգոտիպը: Շատ լրագրողներ վրդովմունք հայտնեցին այս կապակցությամբ, ինչի առիթով փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը նկատեց, որ եթե «Վիվա Սելը» հրաժարվի իր պարտավորվածություններից, փառատոնն առհասարակ տեղի չի ունենա: Արդյունքում, օրինակ, Մոհսեն Մախմալբաֆի մեկուկես ժամանոց հարցազրույցին ներկա է գտնվել ընդամենը մեկ լրագրող: «Հետք»-ը նույնպես հրաժարվեց բացառիկ հարցազրույցի դիմաց տեղադրել «Վիվա Սելի» գովազդը:
Ի դեպ, լրագրողներն էլ առանձնապես աչքի չէին ընկնում վարվելակերպի տարրական կանոնների տիրապետմամբ:
Տոնինո Գուէրայի մամլո ասուլիսին նրա կինը՝ Լորա Գուէրան, հաճելիորեն զարմացած հայտարարեց, որ իրենց այսքան բուռն նույնիսկ Կաննում չեն դիմավորում: Լուսանկարիչներն ու հեռուստաօպերատորները գովասանքից ոգեւորված սկսեցին այնքան ինտենսիվ լուսանկարել եւ տեսանկարել, որ տիկին Գուէրան նրանց խնդրեց դադարեցնել, քանի որ Տոնինոն մի քանի տարի առաջ գլխի վիրահատություն է տարել, եւ բժիշկները զգուշացրել են, որ լուսանկարչական խցիկների առկայծումը վնաս է նրան:
Նկարողները ոչ մի կերպ չարձագանքեցին խնդրանքին, եւ տիկին Գուէրան ստիպված էր բղավել նրանց վրա: Չնայած' դա էլ առանձնապես արդյունք չտվեց:
Մեկ այլ բան էլ, որ Լորա Գուէրան հաստատ չէր տեսել Կաննում, հետեւյալ տեսարանն էր. օպերատորը բղավում է լրագրողի վրա սենյակի մի ծայրից մյուսը. «Հերիք ա նկարեմ, գնացինք, հլը էլի բան ունեմ նկարելու»: Լրագրողն էլ հանրահայտ ռեժիսորի խոսքի կեսից բարձրախոսը վերցնում է Գուէրայի դիմացից եւ հեռանում:
Սա հաստատ ոչ մի կապ չուներ ֆինանսների բացակայության հետ: Ինչպես նաեւ այն, որ բջջային հեռախոսների զանգերը մի րոպե անգամ չդադարեցին:
Չնայած Մաեստրոն նկատեց այս ամենը, սակայն Գուէրա զույգի ստեղծած լուսավոր ու թեթեւ մթնոլորտը դրանից չտուժեց: «Ամարկորդ»-ի հեղինակը հիշում էր իր մտերիմ ընկերներ Փարաջանովին եւ Մաստրոյանիին, պատմում մեկ այլ մտերիմ ընկերոջ՝ Ֆելինիի հետ ունեցած զվարճալի արկածների մասին:
Համեմատաբար հանգիստ անցավ Արտավազդ Փելեշյանի եւ Գոդֆրի Ռեջիոյի համատեղ մամլո ասուլիսը: Ամերիկացի ռեժիսորը խոստովանեց, որ միշտ երազել է հանդիպել մեծ վարպետ Փելեշյանին: Հիշեց, որ երբ Գոսկինոյում դասախոսություն էր կարդում, ռուբլիներով վարձատրության փոխարեն խնդրեց, որ իրեն 35 մմ ժապավենով ցույց տան Փելեշյանի ֆիլմերը: Չնայած դա կապված էր բավական մեծ գումարների հետ, նրա խնդրանքը բավարարեցին:
«Ռուբլիների փոխարեն ես ստացա մի գանձ, որն ինձ հետ է ողջ կյանքիս ընթացքում»,- խոստովանեց Ռեջիոն:
Նա ափսոսաց, որ Հայաստանում չկան հարուստ մարդիկ, ովքեր հասկանում են, թե ինչ կարեւոր է նման ռեժիսորին ֆինանսավորելը, ով գումարի բացակայության պատճառով նոր ֆիլմ չի նկարում արդեն 14 տարի: Մեծ վարպետն էլ պատմեց այսպիսի պատմություն. « Մարտին այստեղ էի, նորանշանակ մշակույթի նախարար Գեւորգ Գեւորգյանի հետ հանդիպեցինք: Նա ինձ առաջարկեց ֆիլմ նկարել «Հայֆիլմում»: Պայմանավորվեցինք, որ «Հայֆիլմը» միանգամից չի կարող ֆինանսավորել դա, բաժանեցինք երեք տարվա մեջ, նա խոստացավ խոսել վարչապետի հետ եւ ինձ զանգահարել Մոսկվա: Հետո ինձ զանգեցին ու ասացին, որ նա այլեւս նախարար չէ»,- ասաց Ա. Փելեշյանը:
Հայաստան ժամանած կինոռեժիսորները խոստովանեցին, որ իրենց լուրջ մտահոգում է կինոարտադրության վիճակը Հայաստանում:
Մոհսեն Մախմալբաֆն առաջարկեց Հայաստանում ստեղծել Հարավային Կորեայում գործող Փուսանի փառատոնի պես փառատոն: Փուսանի գաղափարը հետեւյալն է. ամեն տարի այնտեղ սցենարներ են ուղարկվում ասիական երկրներից, սցենարներն ուղարկվում են ռեժիսորներին, այնուհետեւ դիմում են պրոդյուսերներին: Ամեն տարի փառատոնին հրավիրում են նրանց բոլորին, եւ պրոդյուսերները ռեժիսորների հետ բանակցում են գումարի շուրջ: Մի քանի հոգով հավաքում են այդ գումարը եւ նկարում ֆիլմը:
«Հայաստանում նմանատիպ փառատոնը պետք է կենտրոնացած լինի Կովկասի եւ Միջին Ասիայի վրա, մասնակցի մի տասը երկիր, ամեն տարի այդ երկրներից ընտրվեն մեկական սցենարներ եւ առաջարկվեն պրոդյուսերների ողջ աշխարհից: Այդպես տարվա մեջ մի քանի ֆիլմ կարող եք նկարել»,-ասաց պարոն Մախմալբաֆը:
«Ոսկե ծիրան» փառատոնն ավարտվեց հուլիսի 15-ին: Մրցանակները բաշխվեցին հետեւյալ կերպ.
Խաղարկային ֆիլմեր.
Ոսկե ծիրան՝ Հու Սյաո Ցզիեն, Չինաստան-Ֆրանսիա, «Երեք ժամանակ»:
Արծաթե ծիրան՝ իսպանացի ռեժիսոր Իսակի Լակուէստա, «Ժամանակի լեգենդը» եւ ֆրանսիացի ռեժիսոր Ռոբեր Գեդիկյան, «Ուղեւորություն դեպի Հայաստան»:
Վավերագրական ֆիլմեր.
Ոսկե ծիրան՝ ավստրիացի ռեժիսոր Միխաիլ Գլավոգեր, «Աշխատավորի վախճանը»:
Արծաթե ծիրան՝ բրազիլացի ռեժիսոր Մարկուշ Պրադու, «Էստամիրա» եւ շվեդ ռեժիսոր Գունար Բերգալ, «Լյուդմիլա եւ Անատոլի»:
Հայկական համայնապատկեր՝
Ոսկե ծիրան՝ Հրանտ Հակոբյան, «Մոռացված կղզիների բնակիչները»:
Արծաթե ծիրան՝ Արազ Արթինյան, «Ցեղասպանությունն իմ մեջ», Վարդան Հակոբյան, «Իմ անունը երջանկություն է», Մարիա Սահակյան, «Փարոսը»:
Հայաստանի կինոգետների եւ կինոքննադատների ասոցիացիայի մրցանակը շահեցին գերմանացի Անդրեաս Դրեզենի «Ամառը Բեռլինում» եւ ֆրանսահայ Սերժ Ավետիքյանի «Վերադառնալ» ֆիլմերը:
Տոնինո Գուէրան, Մոհսեն Մախմալբաֆը, Մարկո Բելոկիոն, Գոդֆրի Ռեջիոն եւ Արտավազդ Փելեշյանը արժանացան Փարաջանովի անվան մրցանակին:
Փարաջանովի անվան մրցանակը ստանալիս Գուէրան մեկ անգամ եւս առաջարկեց ներողամիտ գտնվել ընդամենը երեքամյա փառատոնի թերությունների հանդեպ եւ մխիթարեց. «Փողը փչացրել է հարուստ փառատոնները, իսկ աղքատ փառատոններում դեռ այնքա~ն պոեզիա կա»:
Լուսանկարները` Էլիզաբեթ Բրիվստերի, Մարկ Բագուելինի, Միհրան Սահակյանի
Մեկնաբանել