
Վանաձորում Ուկրաինայի հյուպատոսություն կստեղծվի․ առաջարկվում է այդ նպատակով անհատույց տարածք տրամադրել
Հայաստանի կառավարությունը համաձայնություն է տվել Վանաձորում Ուկրաինայի հյուպատոսություն ունենալու առաջարկին: Այն սպասարկելու է Լոռու, Արագածոտնի և Արմավիրի մարզերը:
Հյուպատոսության գործունեության ապահովման նպատակով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախագիծ է քննարկման ներկայացրել՝ առաջարկելով հյուպատոսությանն անհատույց կարգով տարածք տրամադրել։ Դա կլինի Հայաստանի աջակցությունն այդ գործընթացին:
Նախարարությունը հայտնել է, որ այս ծրագիրը Լոռու, Արագածոտնի և Արմավիրի մարզերի կազմակերպությունների և քաղաքացիների համար հարմար պայմաններ կապահովի։
Ինչպես ենթադրվում է նախագծից, տրամադրվելու է դպրոցի շենք․ նախարարության հաղորդմամբ՝ հյուպատոսության տարածքն ունենալու է առանձնացված մուտք և այն չի խաթարելու դպրոցի ուսումնադաստիարակչական գործընթացը:
«Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանի և հյուպատոսի միջև կնքվել է պայմանագիր: Դեսպանատունը Վանաձոր քաղաքում չունի շենքային պայմաններ, տարածքի տրամադրման դեպքում այն կվերանորոգվի դեսպանատան միջոցներով»,- հայտնել է նախարարությունը։
Մեկնաբանել