
Պատգամավորը մտածում է Հայաստանում իրաքյան եզդիների կրթությունը կազմակերպելու եւ բուժօգնություն ուղարկելու մասին
Շուրջ 350 հազար եզդի փախստական այսօր ապրում է Իրաքի ճամբարաներում՝ կենցաղային ծայրահեղ վատ պայմաններում: Նրանք այդտեղ են բնակվում արդեն 5-րդ տարին. 2014 թվականին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Իրաքի Շանգալի շրջանում եզդիների հանդեպ ցեղասպանական գործողություններից հետո հազարավոր եզդիներ ստիպված էին փախչել իրենց տներից: Այսօր նրանք ապաստան են գտել տարբեր ճամբարներում: Եզդիների բնակավայրերն ավերվել են, ահաբեկիչների կողմից ավելի քան 10 հազար եզդի է սպանվել, իսկ շուրջ 3000 եզդի էլ առայժմ գերու կարգավիճակում է:
ԱԺ պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանն ասում է, որ եզդիների ցեղասպանությունից 5 տարի անց նրանց բնակավայրերի մեծ մասը չի վերականգնվել: Շանգալի շրջանի հարավային հատվածը դատարկված է, իսկ հյուսիսային մասում մարդիկ սկսել են վերաբնակվել: 5-10 հազար եզդի վերադարձել է շրջկենտրոն՝ Շանգալ (Սինջար) քաղաք: Ռ. Բաքոյանը եղել է շրջանի թե՛ հարավային, թե՛ հյուսիսային հատվածում, այցելել է Շանգալ քաղաք, Իրաքի հյուսիսային Շեխանի շրջան, եղել փախստականների 5 ճամբարում, որոնցից յուրաքանչյուրում, պատգամավորի ասելով, եզդի փախստականների թիվը մի քանի տասնյակ հազար է:
Ռուստամ Բաքոյանն ասում է, որ ճամբարներում կեցության նվազագույն պայմաններ չկան՝ սկսած վրաններից, որոնք մեծամասամբ նախատեսված են 6 ամսվա գործածության համար, սակայն արդեն 5 տարի մարդիկ բնակվում են դրանց մեջ: Վրանների մի մասը ձյան, անձրեւի, քամու ժամանակ պատռվում է մաշվածությունից: Ջուր եւ հոսանք ոչ միշտ է լինում, սնունդն էլ հիմնականում ստանում են ՄԱԿ-ից: Բաքոյանն ասում է, որ ճամբարներում ապրողների մեծ մասն արդեն հարմարվել է այս պայմաններին եւ չի աշխատում:
«Բոլոր ճամբարներում նույն վիճակն է, հիվանդությունները գլուխ են բարձրացրել, կան հիվանդություներ, որոնք մարդիկ ձեռք են բերել ճամբարային վատ պայմանների պատճառով: Օրինակ՝ մեծ մասն ունի շաքարային դիաբետ, բարձր ճնշման խնդիր»,- ասում է Ռ. Բաքոյանը՝ հավելելով, թե այն մարդիկ, ովքեր լուրջ խնդիրներ ունեն, ասենք վիրահատության կարիք, զրկված են բուժման հնարավորությունից:
2014-ից մինչ օրս ճամբարներում չի լուծվել երեխաների կրթության հարցը: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ կան փոքր դպրոցներ, որոնք միայն տառաճանաչություն են սովորեցնում: Դրանք աշխատում են մի քանի հերթափոխով, բայց էլի չեն հասցնում, քանի որ երեխաները շատ են: Ուսուցիչներն աշխատում են կամավորության սկզբունքով, սակայն ընդհանուր առմամբ երեխաների մեծ մասը կրթություն չի ստանում:
Հայաստանցի պաշտոնյան ասում է, որ նախորդ շաբաթ Շանգալի հյուսիսում գտնվող Սինուն քաղաքում Իրաքի 4 եզդիական քաղաքական ուժերը՝ «Եզդիների առաջընթաց», «Եզդիների ազատ դեմոկրատական», «Եզդիների դեմոկրատական», «Եզդիական շարժում՝ հանուն բարեփոխումների եւ զարգացման» կուսակցությունները, 5 տարվա անհամաձայնությունից հետո միասնակա հուշագիր են կնքել: Համաձայն դրա՝ այս ուժերը մեկ ընդհանուր դաշինքով կմասնակցեն Իրաքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին, ինչը հնարավորություն կտա մասնակցություն ունենալ կառավարման համակարգում, բացի դրանից՝ նպատակ կա հիմնել եզդիների մեկ ընդհանուր բանակ: Ռ. Բաքոյանը նշում է, որ այս դաշինքի շնորհիվ եզդիները, թերեւս, հնարավորություն կունենան նաեւ իրաքյան խորհրդարանում ունենալ ավելի շատ պատգամավորներ:
ԱԺ պատգամավորն ասում է, որ ստեղծված իրավիճակում երկու գործադիր իշխանությունների՝ Իրաքի կենտրոնական կառավարության եւ Իրաքյան Քրդստանի կառավարության միջամտության անհրաժեշտությունը կա: Ըստ Բաքոյանի՝ երկուսն էլ չեն կարողանում լուծել Շանգալի խնդիրը, եւ յուրաքանչյուրը դրան իր դիտանկյունից է մոտենում, ինչի հետեւանքով էլ ստեղծվել է ներկա վիճակը: Պատգամավորն ասում է, որ երկու կողմն էլ պետք է ձեռնարկեն այնպիսի քայլեր, որ եզդիները կարողանան վերադառնալ Շանգալ՝ իրենց բնականոն կյանքին:
Մյուս կողմից, ըստ մեր զրուցակցի, արագ փոփոխությունների դժվար թե լինեն: Դրա համար, ըստ Ռ. Բաքոյանի, ակտիվ պիտի լինեն հենց եզդիները՝ թե՛ շարքային քաղաքացիները, թե՛ եզդի քաղաքական ու հասարակական գործիչները:
ԱԺ պատգամավորը նշում է, որ անձամբ փորձելու է հնարավորություններ գտնել, որպեսզի իրենց բնակավայրերը լքած երիտասարդ եզդի աղջիկներն ու տղաները կարողանան բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանում, ինչպես նաեւ մեր երկրից բժշկական օգնություն ուղարկվի Շանգալ եւ եզդիների ճամբարներ:
Լուսանկարները տրամադրել է Ռուստամ Բաքոյանը
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել