
Դատարանը պարտավորեցրեց ՊԵԿ-ին «Հետաքննող լրագրողներ»-ին տրամադրել ՀԴՄ սարքերի ձեռքբերման պայմանագրերը
Վարչական դատարանն այսօր հրապարակեց «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն ընդդեմ ՊԵԿ-ի գործով վճիռն ու որոշեց «Հետաքննող լրագրողներ»-ի հայցը բավարարել մասնակի։ Մասնավորապես՝ դատարանը ՊԵԿ-ին պարտավորեցրեց տրամադրել չինական «Պաքս Թեքնոլոջի» և թայվանական «Միտաք Ինֆորմեյշն Թեքնոլոջի» ընկերությունների հետ կնքված բոլոր պայմանագրերի պատճեները՝ փակելով այն տեղեկությունները, որոնք, ըստ կառավարության որոշման, համարվում են գաղտնի։ Բացի այդ, ՊԵԿ-ը պարտավոր է պարզաբանել՝ արդյոք այս ընկերությունների հետ կապ է հաստատել հայաստանյան ներկայացուցիչների միջոցով: Եթե այո, ապա ովքեր են նրանք։
ՊԵԿ-ից հօգուտ «Հետաքննող լրագրողներ»-ի կբռնագաձնվի 50 000 դրամ` որպես փաստաբանական ծառայության գումար, ինչպես նաև 4000 դրամ՝ հայցի ներկայացման պետական տուրքը։
Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը հրաժարվել էր տրամադրել ՀԴՄ-ների ձեռքբերման պայմանագրերը՝ հղում կատարելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքին։ Պատճառաբանել էր, որ դրանք համարվում են այնպիսի տեղեկություններ, որոնց հրապարակումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի անվտանգության համար:
ՀԴՄ-ների ձեռքբերման պայմանագրերի տրամադրման մերժումը ապրիլի 15-ին «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն բողոքարկել էր դատական կարգով` հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի։
Դատարան դիմելուց մեկ օր անց՝ ապրիլի 16-ին, Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում էր ուղարկել խմբագրություն` նշելով, թե ձեռնարկվում են օրենքով նախատեսված միջոցառումներ՝ ՀԴՄ սարքերի գնման գործընթացի կազմակերպումը, դրա արդյունքում պայմանագրերի կնքումը կարգավորող Կառավարության գաղտնի որոշումների գաղտնազերծման ուղղությամբ: Կոմիտեն նաև հավելել էր, որ ուսումնասիրության շրջանակներում հնարավոր չի եղել պարզել նշված գործընթացի՝ գաղտնի համարվելու հիմքերը և խոստացել դրանք գաղտնազերծել, քանի որ Կառավարության որոշումների շրջանակում ՀԴՄ սարքերի գնման գործընթացն այլևս ավարտվել է, և դրանց գնման գործընթացի կազմակերպման պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հետագա պահպանությունը և պաշտպանությունը դարձել է աննպատակահարմար:
Հենց այս հիմնավորումների շրջանակներում Պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը դիմել էր Վարչական դատարան՝ խնդրելով մերժել հայցադիմումը: Վերջինս դատարանին հայտնել է, որ վերոնշյալ պարզաբանման առկայության պայմաններում առարկայազուրկ է դառնում լրատվամիջոցի` դատարան ներկայացրած պահանջը, քանի որ արդեն իսկ ՊԵԿ-ը ձեռնարկում է օրենքով նախատեսված միջոցառումներ ՀԴՄ սարքերի գնման գործընթացի կազմակերպումը և դրա արդյունքում պայմանագրերի կնքումը կարգավորող` Կառավարության գաղտնի որոշումների գաղտնազերծման ուղղությամբ:
Մեկնաբանել