
Դատարանը Դոն Պիպոյին թույլատրեց մինչև սեպտեմբերի 10-ը բուժման նպատակով բացակայել Հայաստանից
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Հրաչիկ Սարգսյանի, քիչ առաջ որոշեց քրեական աշխարհում Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանին թույլատրել մինչև սեպտեմբերի 10-ը բուժման նպատակով բացակայել Հայաստանից:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց Ասատրյանի գործի քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ Արթուր Ասատրյանը կազմակերպել և ղեկավարել է երեք անձանց՝ Վազգեն Ղազախեցյանի, Արտակ Այվազյանի և Արկադի Քոչինյանի առևանգումը, որը զուգորդվել է վերջին երկու անձանց առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով:
Վերը նշված անձինք Արթուր Ասատրյանի դեմ նախապատրաստվող սպանության նախապատրաստման գործով անցնող ամբաստանյալներն են: Բացի դրանից՝ Ասատրյանին պատկանող առանձնատնից հայտնաբերվել է զենք-զինամթերք:
Այսօրվա դատական նիստին Արթուր Ասատրյանն առարկեց տեսանկարահանման դեմ, և առարկելու պահից սկսած՝ դատարանն այլևս չթույլատրեց որևէ ծավալի տեսանկարահանում իրականացնել:
Մեղադրող դատախազն ընթերցեց Ասատրյանի մեղադրանքը: Վերջինս ասաց, որ այն չի ընդունում, որևէ արարք չի կատարել, իրեն համար հասկանալի չէ, թե ինչ է կատարել: Դրանից հետո Ասատրյանի պաշտպաններից Գեղամ Հակոբյանն ասաց, թե իր պաշտպանյալը նկատի ուներ, որ իրեն համար մեղադրանքը հասկանալի չէ, և դրա վերաբերյալ դիրքորոշում չի հայտնում: Ասատրյանը համաձայնեց պաշտպանի հետ:
Կենսագրական տվյալներ հայտնելիս Ասատրյանն ասաց, որ ամուսնացած է, ունի երկու երեխա, միջնակարգ կրթություն է ստացել, աշխատում է ՌԴ-ում:
Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, և հաջորդը նշանակվեց սեպտեմբերի 10-ին:
Լուսանկարում` Արթուր Ասատրյանը (ձախից)
Մեկնաբանել