
Մելիք Մանուլյանի մեքենան դեպքի վայրից հեռացնելու գործով ձերբակալվել է նրա եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը
Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունից հետո Range rover մակնիշի մեքենան դեպքի վայրից հեռացնելու գործով ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը: «Հետքի» հետ զրույցում քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետ Նաիրա Հարությունյանն ասաց, որ Մանուկյանը ձերբակալվել է քրեական օրենսգրքի 38-332-րդ հոդվածի 2-րդ մասի կասկածանքով՝ այսինքն՝ գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը միջամտելուն դրդելը:
Հիշեցնենք, որ մեքենան դեպքի վայրից հեռացնելու գործով ձերբակալված է նաև Մելիք Մանուկյանի թիկնապահը՝ Մարկոս Մարկոսյանը: Ըստ քննության տվյալների՝ դեպքի վայրից հենց նա է Ռոբերտ Մանուկյանի դրդչությամբ հեռացրել մեքենան:
Մասնավորապես, ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ նախնական տվյալներով՝ «1976 թվականին ծնված տղամարդը, Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում դեպքի վայր հանդիսացող տարածքից հանցագործության հետքեր պարունակող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան քննությունից թաքցնելու և քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանը խոչընդոտելու նպատակով, զննության ընթացքում չենթարկվելով դեպքի վայրի պահպանություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցների՝ մեքենան չնստելու և այն չտեղաշարժելու վերաբերյալ օրինական պահանջներին, նստել է վերոնշյալ մեքենան և այն վարելով ոստիկանի ուղղությամբ դուրս բերել դեպքի վայրից և դիմել փախուստի, այդ կերպ իրականացնելով նրա կյանքի և առողջության նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն կիրառելու սպառնալիք: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի և 332 –րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով»: Նշենք, որ հետագայում մեքենան հայտնաբերվել ու վերադարձվել է:
Նշենք, որ պայթյունը տեղի է ունեցել երեկ՝ Երևան–Սևան ավտոմայրուղու վրա՝ ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի ապակե տարաների գործարանի մոտ:
Միջադեպի հետևանքով վնասվել է կամուրջի եթևեկելի հատվածը, երկու ավտոմեքենա՝ Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակինիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ՝ Մելիք Մանուկյանին: Տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
Պայթյունի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության փորձի և պայթյուցիչ նյութեր պահելու հոդվածներով, ձերբակալվել է 3 անձ:
Մեկնաբանել