
Մ. Մեսրոպյան. «Սասուն Միքայելյանը չի պարտվել»
«Հետքի» հետ զրույցում Սասուն Միքայելյանի շտաբի լրատվության և քարոզչության պատասխանատու Մեսրոպ Մեսրոպյանը նշեց, որ չի համարում, որ իրենց թիմը պարտված է՝ չնայած ձայների չնչին տարբերություն է արձանագրվել: Ընդհանուր առմամբ, նա բարձր է գնահատում իրենց թիմի տարած աշխատանքը, կազմակերպվածությունը և համոզված է, որ առաջիկայում փայլուն արդյունքներ են սպասվում իրենց համախմբված և նպատակային աշխատանքից:
Ստույգ այս ընտրությանը, ըստ նրան, աղքատ, ընչազուրկ և ապաքաղաքականացված ընտրազանգվածը հակառակորդի մեկ ձայնի դիմաց հատկացված 5000 դրամ ընտրակաշառքով ձայնը «նվիրեց» Դանիելյան Արամին՝ դրանով ևս 4 տարի Հրազդանը և հրազդանցուն թողնելով անօգնական վիճակում:
«Մենք, որպես մեր երկրի իսկական քաղաքացի, ինքնահաստատվելու, ինքնաազատագրվելու և որպես քաղաքացի կայանալու խնդիր ունենք. մեր հասարակությունը արդեն տարիներ շարունակ երկփեղկվել է, բաժանվել տարբեր հատվածների: Հասարակության մի զգալի հատված քաղաքականապես բավական հասունացել է և ցանկացած գործընթացի շատ արագ ու դիպուկ կարողանում է տալ իր գնահատականը:
Ցավոք սրտի, մի զգալի հատվածն էլ մեր հասարակության մեջ դարձել է ամեն ինչի նկատմամբ անտարբեր ու իներտ: Դժբախտաբար, հենց այս հատվածի պահվածքն էլ որոշիչ նշանակություն ունեցավ Հրազդանի քաղաքապետի փետրվարի 12-ի ընտրություններում:
Մենք պարտված չենք համարում մեզ, առավել ևս՝ որևէ հիասթափության մասին խոսք անգամ չի կարող լինել: Առջևում լուրջ քաղաքական մարտահրավերներ կան, լուրջ ընտրական գործընթացներ, և մենք անպայման մասնակցելու ենք այդ քաղաքական գործընթացներին:
Այլապես այն տպավորությունն է, կարծես հասել ենք մի զավեշտալի իրավիճակի, որ վաղը Իլհամ Ալիևը Հայաստանում կարող է 100-ական դոլար ընտրակաշառք բաժանել և առանց լուրջ խոչընդոտների դառնալ ՀՀ նախագահ»,- ասաց Մ. Մեսրոպյանը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել