
Ալբերտ Պարսամյանը վերադարձել է պապական գյուղ բրուտագործությունն ու գյուղական տուրիզմը զարգացնելու նպատակով
Բրուտագործ Ալբերտ Պարսամյանը 2015-ից տեղափոխվել է Տեղեր գյուղ՝ բրուտագործությունն ու գյուղական տուրիզմը զարգացնելու նպատակով:
Բրուտագործությունն Արագածոտնի մարզում զարգացնելու առաջարկ Ալբերտ Պարսամյանը ստացել է 2014 թվականին միջազգային կազմակերպությունից։
Ծրագիրը սկսելու համար նա ընտրել է Տեղերը՝ պապական գյուղը։
«Հյուրատան տեղը դատարկ հող է եղել, պապուս տնկած պոպոկներն ունեինք՝ երկու հատ: Կամաց-կամաց ընտանիքով այս ամենը մեր ձեռքերով պատրաստեցինք»,- ասում է բրուտագործը:
Ալբերտ Պարսամյանը բրուտագործությամբ զբաղվում է 25 տարեկանից` արդեն 30 տարի:
Գյուղ տեղափոխվելու առաջին տարիներին Պարսամյանը արտերկրից ժամանած զբոսաշրջիկներին բրուտագործության դասեր էր տալիս: Հետագայում նրանց առաջարկով Ալբերտն ու ընտանիքը որոշեցին գյուղում հյուրատուն հիմնել՝ հաշվի առնելով գյուղի պատմամշակութային նշանակությունը:
2016 թվականին Տեղերում արդեն բացվեց գյուղի առաջին հյուրատունը՝ «Բրուտագործության կենտրոն՝ Տեղերում»-ը:
Հյուրատան յուրաքանչյուր դետալ ընտանիքն իր ձեռքով է պատրաստել: Փայտյա տնակներն Ալբերտի, հոր և որդու աշխատանքն են: Այստեղ հյուրերը ոչ միայն հանգստանում են, այլև բրուտագործությամբ, փայտի փորագրությամբ, դարբնությամբ, գորգագործությամբ են զբաղվում:
Տեղերը գտնվում է Արագած լեռան հարավային լանջին, գյուղում են գտնվում վանական համալիրն ու Սուրբ Վրթանես սրբավայրի ավերակները:
Ընտանիքը համոզված է՝ գյուղի պատմական նշանակության վայրերի, իրենց արվեստի դասերի միջոցով կկարողանան գյուղում պատմամշակութային և գյուղական տուրիզմը զարգացնել:
Պարսամյանները բնակվում են Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղում: Գարնան մեկնարկին տեղափոխվում են Տեղեր, իսկ գյուղից հեռանում են ձմռանը:
Հյուրերը տարբեր երկրներից են՝ Ֆրանսայից, Նիդերլանդներից, Գերմանիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Անգլիայից:
Հյուրատան յուրահատկությունը մշակութային միջավայրն է. նկարներ կան, կավից պատրաստված իրեր: Դրանք մեծ մասամբ Ալբերտ Պարսամյանի աշխատանքներ են, որոշներն էլ՝ որպես հուշ, բրուտագործություն սովորած կամ վերապատրաստված զբոսաշրջիկներն են թողել:
«Սա տարիների աշխատանք է, շատ մեծ դժվարությունների միջով անցանք: Հիմա ես ինձ շատ լավ եմ զգում, որ մի փոքր բան կարողացանք այս գյուղի համար անել, գյուղը վերականգնել»,-ասում է Ալբերտ Պարսամյանը:
Հյուրատան աշխատանքները կազմակերպում և կառավարում է Ալբերտի կինը՝ Ալվարդ Պարսամյանը: Նա է հյուրերին ընդունում, նրանց համար ուտեստներ պատրաստում։ Ասում է՝ հյուրատան հիմնական հյուրերը արշավականներն են, ովքեր այնտեղ գիշերում են և արշավների գնում դեպի Բյուրական, Ամբերդ, Արագած:
«Մեզ համար ամեն ինչը շատ կարևոր է, նույնիսկ ամեն մանրուք: Մենք ամեն ինչ անում ենք սիրով: Ուզում ենք մեզանից ամեն հեռացող հյուր իր հետ մի փոքր Հայաստան, մի փոքր ջերմություն տանի»,- ասում է Ալվարդ Պարսամյանը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել