
Կստեղծվի աշխատանքային խումբ՝ էներգետիկ համակարգի վթարի պատճառները ուսումնասիրելու նպատակով
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից «Հետք»-ին հայտնեցին, որ էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որի հետևանքով աշխատել են արտադրող կայանների պաշտպանական համակարգերը:
Ըստ նախարարության, սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետ Երևանի ՋԷԿ-ն ու ավելի փոքր արտադրողներ, սակայն այժմ համակարգում հաճախականության տատանումներ չկան, կայունությունը վերականգնված է, տարվում են վթարավերականգման աշխատանքներ, էլեկտրաէներգիայի մատակարարումը աստիճանաբար վերականգնվում է:
Նախարարության հաղորդմամբ՝ կստեղծվի աշխատանքային խումբ՝ վթարի պատճառները ուսումնասիրելու նպատակով:
Նշենք, որ մեկ ժամից ավելի է՝ հանրապետության տարածքում անկանոն հոսանքազրկումներ են, իր աշխատանքն է դադարեցրել նաև Երևանի մետրոպոլիտենը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնեցին, որ իրենք հավելյալ տեղեկություն չունեն հաղորդելու, քան փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունն է: Փոխվարչապետ Ավինյանը քիչ առաջ տեղեկացրել էր, որ էներգետիկ համակարգում վթար կա, Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են, որի հետևանքով հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Փոխվարչապետի հաղորդմամբ՝ խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կկարգավորվի:
Մեկնաբանել