
Կոլորադոյից` Նոյեմբերյան. ԱՄՆ-ի հայ դպրոցականները կապեր են հաստատում Հայաստանի սահմանամերձ դպրոցների հետ
ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի հայկական դպրոցը, Հայաստանի սահմանամերձ գյուղերի դպրոցների հետ բարեկամության եւ փոխօգնության ծրագիր է նախաձեռնել:
Հուլիսի 7-ին այդ դպրոցի մի խումբ աշակերտներ եւ ծնողներ այցելեցին Նոյեմբերյան համայնքի Բարեկամավան և Ոսկեվան գյուղերի դպրոցներ, հանդիպեցին դպրոցների աշակերտներին եւ ուսուցչական կազմին, ծանոթացան նրանց առօրյային, խնդիրներին, ինչպես նաեւ փոխանցեցին իրենց բերած նվերները` դպրոցական պարագաներ:
Կոլորադոյի հայկական կազմակերպությունը (տնօրեն՝ Սոնա Խտըշեան) 2017թ.-ին նահանգում առաջին շաբաթօրյա հայկական դպրոցն է հիմնել, այնտեղ ԱՄՆ-ում ծնված և ապրող հայ երեխաները սովորում են հայոց լեզու, հայոց պատմություն, ուսումնասիրում հայկական մշակույթ եւ գրականություն:
Կոլորադոյի հայկական դպրոցի տնօրեն Ռուզաննա Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դպրոցը բացելուց հետո որոշել են հայկական դպրոցներին ինչ-որ ձևով աջակցել, և այս տարի մի քանի աշակերտի ուղարկել են սահմանամերձ դպրոցներ, որպեսզի կապ հաստատեն իրենց հասակակից հայաստանաբնակ դպրոցականների հետ, ծանոթանան նրանց առօրյային. «Ուզում էի մեր երեխաները հասկանան, թե ինչպես է ապրում սահմանին ապրող իր տարեկիցը, որ տեսնեն` ինչպես է մի փոքր բանն էլ դժվարությամբ նրանց տրվում, որ կրակոցների տակ գնում են դպրոց»: Ռուզաննայի խոսքով` իրենք նպատակ ունեն այս ծրագիրը շարունակական դարձնել:
Այցելության առաջին կանգառը Բարեկամավանի միջնակարգ դպրոցն էր, որտեղ սովորում է 16 աշակերտ: Տարրական դասարանների միակ աշակերտը երկրորդ դասարանցի Արենն է, նա այս տարի էլ կմնա միակը` սեպտեմբերին դպրոցը չունի առաջին դասարանցի։ Երկրորդ կանգառը Ոսկեվանում էր:
Կոլորադոյից ժամանած Աշոտ Մադոյանն ասաց, որ հետաքրքիր է շփվել գյուղի իր հասակակիցների հետ, տեսնել, թե ինչպես են նրանք, չնայած դժվարություններին, կարողանում իրականացնել իրենց նպատակները: Բարեկամավանի դպրոցի արդեն շրջանավարտ Գագիկին, որն ընդունվել Է Իջեւանի Եվրոպական համալսարան եւ ծրագրավորող է դառնալու, Կոլորադոյի հայկական դպրոցի աշակերտները մտադիր են զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո համակարգիչ նվիրել:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել