
Հայաստանի ամեն 68-րդ բնակիչ ունի չարորակ նորագոյացություն․ ամենաբարձր ցուցանիշը Լոռու մարզում է
Հայաստանում չարորակ նորագոյացությունների թիվը 2013-2017թթ․ 20 %-ով աճել է (2018թ․ տվյալները դեռևս մշակման փուլում են)։
Չարորակ նորագոյացություններն առավել տարածված են Լոռու մարզում, ամենաքիչը` Սյունիքում։ Սակայն ոչ բոլոր մարզերում կան ուռուցքաբաններ։
«Հետքը» վերջերս ուսումնասիրել էր Ալավերդի քաղաքում նորագոյացությունների վիճակագրությունը և պարզել, որ քաղաքի բնակիչներից ամեն 20-րդն ունի չարորակ նորագոյացություն։
Դեռևս այս տարվա հունվարի 23-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ պետությունն իր վրա կվերցնի չարորակ նորագոյացությունների վիրահատության ծախսերը, հետագայում էլ նախատեսվում է անվճար դարձնել քիմիաթերապիան և ճառագայթային բուժումը։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2017թ. հունվարի մեկի դրությամբ Հայաստանի բնակչության թիվը 2 մլն 986 հազար հարյուր է։ Նույն թվականին Հայաստանում հաշվառվել է չարորակ նորագոյացություն ունեցող 43830 մարդ, ինչը նշանակում է, որ Հայաստանի ամեն 68-րդ բնակիչ ունի չարորակ նորագոյացություն։
Թեև կյանքում առաջին անգամ չարորակ նորագոյացություն ախտորոշվածների թվում տղամարդիկ ավելի շատ են, սակայն տարբերությունն այդքան էլ մեծ չէ. տոկոսային միջին հարաբերակցությունը 47 % - 53 % է։
Վերջին 3 տարիների ընթացքում կանանց մոտ չարորակ նորագոյացությունների ամենատարածված տեսակը կրծքագեղձի քաղցկեղն է, որի գերակշիռ մասը բաժին է հասնում 65+ տարիքի կանանց: Այս տեսակը, մնացած բոլոր տեսակների համեմատ, 4 անգամ ավելի է: Երկրորդ ամենատարածված տեսակը հաստ աղու քաղցկեղն է` դարձյալ 65-ն անց կանանց մոտ, հաջորդաբար` արգանդի մարմնի, արգանդի պարանոցի, ստամոքսի քաղցկեղն է։
Այս բոլոր հիվանդությունների առումով կանանց ռիսկային խումբը 65-ից բարձրն է, բացառությամբ՝ արգանդի պարանոցի քաղցկեղի, որը հաճախ է ախտորոշվում 45-54 տարեկան կանանց շրջանում։ Այս երկու խմբերում էլ կյանքում առաջին անգամ հաստատված և ախտորոշումով չարորակ նորագոյացությունները հաճախակի են։
Տղամարդկանց մոտ առավելապես, ինչպես կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղը, գրանցվում է շնչափողի, բրոնխների և թոքի քաղցկեղ՝ դարձյալ 65+ տարիքային խմբի մոտ։ Երկրորդ տեղում, դրանից մոտ 3 անգամ պակաս, միզապարկի քաղցկեղն է, ապա՝ ստամոքսի, շագանակագեղձի, հաստ աղու քաղցկեղները։ Տղամարդկանց մոտ հիմնական ռիսկային խումբը 65-ից բարձր տարիքն է։
2017թ․ տվյալներով՝ չարորակ նորագոյացություններ ունեցող հիվանդների մահացությունը եղել է 5550 հոգի, որից 2446-ը` կին, 3104-ը՝ տղամարդ։
Ոչ բոլոր մարզերում կան ուռուցքաբաններ
Չարորակ նորագոյացությունների դեպքերի թվով առաջին տեղում Լոռու մարզն է՝ 1,8 %, ինչը նշանակում է, որ մարզի ամեն 55-րդ բնակիչը հիվանդ է։ Հաջորդը Երևանն է (1,7 %), հետո՝ Շիրակը (1,5 %)։
Ամենաքիչը Սյունիքի մարզում է՝ 1,11 %, այսինքն՝ ամեն 89-րդ բնակիչը։ Նման ցածր ցուցանիշ է արձանագրվել նաև Արմավիրի, Արագածոտնի և Արարատի մարզերում՝ համապատասխանաբար՝ 1,13-1,2 %:
Սակայն ոչ բոլոր մարզերում է, որ կան համապատասխան մասնագետներ։ Մասնավորապես, Ազգային առողջապահական ինստիտուտի հրապարակած վերջին տվյալներով (2017թ.)՝ Հայաստանի ողջ տարածքի բժշկական հաստատություններում աշխատում է 52 ուռուցքաբան, որից 31-ը՝ Երևանում, և մինչև 4 մասնագետ՝ մարզերում, 15 ճառագայթային ուռուցքաբան, որից 13-ը՝ Երևանում, 56 ուռուցքային վիրաբույժ, որից 53-ը՝ Երևանում։
Սյունիքում և Վայոց Ձորում ուռուցքաբաններ չկան, իսկ Արագածոտնում և Գեղարքունիքում կա մեկական մասնագետ։
Մեկնաբանել