
Արամ Դանիելյանի գրասենյակը հերքում է ընտրակաշառքների վերաբերյալ լուրերը
2012 թվականի փետրվարի 12-ին Հրազդանի քաղաքային համայնքի ղեկավարի ընտրությունների վերջին ժամերին թեկնածու Սասուն Միքայելյանի համախոհների կողմից լուրեր տարածվեցին որոշակի ընտրախախոտւմների, այդ թվում օդում թևածող «ընտրակաշառքների» վերաբերյալ:
Իհարկե ըմբռնումով ենք վերաբերվում ՀԱԿ-ի և վերջինիս թեկնածուի` բոլորիս հայտնի ձեռագրին և իրենց իսկ սերմանած տեխնոլոգիաներին, սակայն միաժամանակ անհրաժեշտ ենք համարում արձագանքել այդ բանսարկություններին և հավուր պատշաճի իրազեկել հարգելի լրատվամիջոցներին.
-Հրազդանի քաղաքային համայնքի ղեկավարի թեկնածու Արամ Դանիելյանի լրատվական գրասենյակը պաշտոնապես հերքում է «ընտրակաշառքների» վերաբերյալ լուրերը` հիմնվելով նաև այն իրողության վրա, որ Ա. Դանիելյանի վստահված անձինք տեղամասերում ֆիքսել են, որ այդ լուրերը բացառապես կառուցված են կասկածների հիման վրա և չունեն որևէ իրական հիմք: Ավելին, գուցե մյուս թեկնածուն է նմանատիպ ընտրակաշառքների փորձեր կատարել և այդ ամենը քողարկելու համար վերագրել է ուրիշների:
-Արամ Դանիելյանի վստահված անձը տեղում ականատեսն է եղել նրան, թե ինչպես է Սասուն Միքայելյանի վստահված անձը մեկնաբանություն տալիս լրագրողներին` ասելով. «Ես փաստեր չունեմ, որ ընտրակաշառք է բաժանվում, պարզապես ինտուիցիայիով ունեմ կասկածանքներ»: Կարծում ենք այստեղ ամեն ինչ ասված է:
-Հրազդան քաղաքի թիվ 25/04 տեղամասում տեղի ունեցած հոսանքազրկումը, որն ըստ ամենայնի ՀԱԿ-ի և Սասուն Միքայելյանի հերթական սադրանքներից մեկն էր, կապ չունի ընտրական գործընթացների հետ:
Եվ թող մեզ ներեն այստեղ անաչառ, օբյեկտիվ ու իրենց գործում արհեստավարժ լրագրողները. հոսանքազրկման գործընթացը նույնպես Ս. Միքայելյանի թիմակիցների և իրենց սպասավոր լրատվամիջոցների մտացածին բանսարկություններ. /լրատվամիջոցներ, որոնցից շատերը նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում Սասուն Միքայելյանի համար իրականացրեցին ակնհայտ քարոզչություն, իսկ Արամ Դանիելյանի նկատմամբ` ակնհայտ հակաքարոզչություն/:
Եվ որպես մեկ զավեշտ հիշեցնենք նաև, որ այդ հոսանքազրկման հետ կապված բոլոր պրոցեսները ՀԱԿ-ի և նրա յուրայինների բոլոր ժամանակների մենաշնորհային տիրույթում են:
Հրազդան քաղաքային համայնքի թեկնածու Արամ Դանիելյանի լրատվական գրասենյակ
Մեկնաբանել