
Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող ոստիկան Գեղամ Պետրոսյանը կմնա կալանքի տակ
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տիգրան Սահակյանի, այսօր մերժել է Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող նախկին բարձրաստիճան ոստիկան Գեղամ Պետրոսյանի կալանավորման դեմ բողոքը: Այս մասին «Հետքի» հետ զրուցում ասաց Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը: Այսպիսով, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Պետրոսյանը կմնա կալանքի տակ:
Վաղարշակ Գևորգյանն ասաց, որ այսօր Գեղամ Պետրոսյանը բերվել է դատարան, միացել իր ներկայացրած բողոքին: Պետրոսյանը 70 տարեկան է: Մեր հարցին` առողջական վիճակից գանգատներ ո՞ւնի, Վաղարշակ Գևորգյանը պատասխանեց, որ թեև գանգատներ կան, բայց իրենք այդ մասին չեն բարձրաձայնում:
«Մենք բարձրաձայնում ենք այն մասին, որ Գեղամ Պետրոսյանին վերագրվող արարքում հիմնավոր կասկած չկա և մյուս հարցերի մասին խոսելն անիմաստ ենք համարում»,- ասաց Վաղարշակ Գևորգյանը:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանում հունիսի 27-ին տեղի էր ունեցել Գեղամ Պետրոսյանի կալանքի դեմ բողոքի գործով դատական նիստ, որը հետաձգվել էր մինչև այսօր` հուլիսի 2-ը:
Գեղամ Պետրոսյանը մեղադրվում է 2008-ի Մարտի իրադարձությունների ժամանակ ցուցարար Զաքար Հովհաննիսյանին սպանելու մեջ: Մեղադրանքը չի ընդունում: Առաջին ատյանի դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել հունիսի 5-ին:
Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ վկաներից մեկը` ոստիկանության սպան, ցուցմունք է տվել այն մասին, թե ականատես է եղել Զաքար Հովհաննիսյանի՝ հրազենային վիրավորում ստանալու դեպքին: Մասնավորապես, այս վկան, ըստ Վաղարշակ Գևորգյանի՝ ասել է, թե Զաքար Հովհաննիսյանը փորձել է երկաթյա ձողով հարվածել Պետրոսյանին, վերջինս էլ կրակել է: Վաղարշակ Գևորգյանի խոսքով, սակայն, նման դեպք չի եղել:
Լուսանկարը` Գերման Ավագյանի
Մեկնաբանել