
Հայհոյաստան ասելիս․․․
Փողոցով քայլում ես, կողքիցդ հեռախոսներն ականջներին դրած` տարբեր տարիքի տղամարդիկ են անցնում․ «․․․հա, ցավդ տանեմ, ինձի յա էտի պետք։ Հա, էդ ․․․ի տղուն ասա, որ որդե բռնել եմ մաման ․․․, հա կյանքիդ մեռնեմ» և այլն։ Երբեմն նույնպես տարբեր տարիքի կանայք են անցնում՝ հեռախոսներն ականջներին․ « ․․․խի՞, աղջի էտի խի՞ ա ըտենց անում, էդ լիրբը, էսի էլ թազա նորություն ա՞․․․»։ Նստում ես տաքսի։ Որպես կանոն, ռադիոն միացած է, երբեմն լսվում են լուրեր, բայց հիմնականում կլկլացող, սրտաճմլիկ, դարդիման ռաբիս՝ «սեեերըըըս, կյանքըըըըըս, յաարրսս» և այլն։ Վարորդների գերակշիռ մասը մեքենան վարելուց, փողոցների փոսերից, այլ մեքենաներից իր մեքենան «փախցնելու» ընթացքում «արտահայտվում» է․ «արա, այ ոչխար․․․անասուն, ես քու ծնողի․․․մորդ էն․․․» և այլ մտքի գոհարներ։ Լսել ես և լսում ես ԱԺ տարբեր տարիների պատգամավորներին․ «․․․Ծնոտդ կպոկեմ․․․, արա նստի տեղդ, չաթլախ, ․․․-ի տիրու մերը, բոմժ, չխաբնվեք » և այլն։ Մտնում ես «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը, որը կարծում եմ լավագույնս է արտահայտում հասարակության մակարդակը, կարդում ծանոթ, անծանոթ, կարկառուն վերլուծաբանների, քաղաքագետների, փորձագետների, քաղաքական, հասարակական գործիչների գրառումներ․ « լածիրակ, եթիմ, պոռնիկ, տականք, վիժվածք, գյալմա ․․» և այլն՝ բոլորդ էլ գիտեք, այլ մեջբերումների կարիք չկա։
Վերջերս կարդացի, որ դեռևս 15-րդ դարում պրուսացի ազգագրագետ Հանս Մյուլլերն ուսումնասիրել է արևելյան մի շարք լեզուներ և նրան ապշեցրել է հայերեն խոսակցականում բազմաթիվ հայհոյանքների առկայությունը։ Մյուլլերը պարզել է, որ երբ երկու և ավելի հայեր հանդիպում են, իրենք նման հանդիպումներն անվանում են հայ-հայ, այսինքն՝ ավելի քան մեկ հայ և սկսում իրար հայհոյել։ Հետագայում «հայ-հայ»-ը փոխվել դարձել է՝ «հայ-հույ», հետո՝ «հայ-հոյ» որից էլ հենց առաջացել է «հայհոյանք» բառը։ Այսինքն հպարտորեն կարող ենք ասել, որ «հայհոյանք» բառի արմատը «հայ»-ն է, այսինքն մեր ինքնությունը։ Ուստի և, ոչ թե պետք է պայքարել այդ երևույթի դեմ, այլ զարգացնել, հարստացնել նոր առավել հնչուն, հյութեղ հայհոյաբառերով, և ինչպես դարերի ընթացքում, հարևան ժողովուրդներից վերցնել նրանց լավագույն հայհոյանքները (սիկտիր, դոլբայոբ, բլյա, գ․․․թ և այլն), հարստացնելով մեր բազմադարյա մշակույթը։ Հայհոյանքի համար Հայաստանի հայհոյող, հպարտ քաղաքացին չպետք է կրի որևէ բարոյական, վարչական, քրեական պատասխանատվություն։ Հայհոյանքի՝ որպես ազգային արժեքի դասավանդումը, պետք է սկսել նախադպրոցական տարիքից, իսկ դպրոցում այն դարձնել պարտադիր առարկա։ ՀՀ ԳԱ Լեզվի ինստիտուտում, ինչպես նաև Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում բացել հայհոյանքի բաժին և ամբիոն։ ՀՀ Ազգային ժողովում հիմնադրել Հայհոյանքի մշտական հանձնաժողով, Հայհոյանքի նախարարություն, ներեցեք վարչապետին կից Հայհոյանքի Ազգային ծառայություն (ՀԱԾ)։ ՀՀ Նախագահը պարտավոր է սահմանել նոր՝ Նախագահի ամենամյա «Հայհոյանքի մրցանակ»։
Հայաստանում ամեն տարի անցկացնել «Ոսկե հայհոյանք», կամ «Հայհոյաֆոնիա» միջազգային մրցույթ-փառատոն, որը կդառնա նոր Հայաստանի բրենդը, Հայաստանին կբերի միջազգային լայն ճանաչում, նոր բարեկամների ձեռքբերումներ։ Հասնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայհոյանքի հայկական մշակութային ժառանգության ճանաչման։
Եվ վերջապես, սպասվելիք սահմանադրական փոփոխությունների ժամանակ «Հայաստանի Հանրապետություն» բառերը փոխարինել․ «Հայհոյաստանի Հանրապետություն» բառերով։
Ժամանակի ընթացքում լեզվի և գրականության ինստիտուտները կխմբագրեն ողջ հայ գրականությունը և հայ գրականության մեջ նույնպես «Հայաստան»-ը կփոխարինեն «Հայհոյաստան»-ով, օրինակ՝ Չարենցի «Ես իմ անուշ Հայհոյաստանի․․․»։
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել