
Ռոբերտ Քոչարյանը նորից կկալանավորվի. Վերաքննիչ դատարանը բեկանեց նրան ազատ արձակելու և Մարտի 1-ի գործով ՍԴ դիմելու որոշումները
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նորից կկալանավորվի: Վերաքննիչ քրեական դատարանը րոպեներ առաջ հրապարակեց Մարտի 1-ի գործով տուժողների և Դատախազության բողոքների գործով որոշումները՝ բավարարելով Դատախազության և տուժող կողմի բողոքները:
Այսինքն՝ դատարանը բեկանեց Ռոբերտ Քոչարյանին Արցախի ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ կալանքից ազատ արձակելու, ինչպես նաև Մարտի 1-ից անջատված մասով անցնող մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն.Գևորգյանի գործի վարույթը կասեցնելու և սահմանադրական դատարան դիմելու որոշումները:
Հիշեցնենք, որ Մարտի 1-ից անջատված մասով վերը նշված մեղադրյալների գործը մակագրվել էր առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրգորյանին, և վերջինս գործը դատաքննության նախապատրաստելու փուլում մայիսի 18-ին որոշել էր Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխել Արցախի Հանրապետության նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:
Դրանից երկու օր անց` մայիսի 20-ին, դատարանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու համար այս գործով կիրառման ենթակա Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը Սահմանադրության պահանջներին:
Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:
Սեյրան Օհանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Յուրի Խաչատուրովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:
Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:
լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել