
Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդեցին դռնփակ քննել գործը՝ հղում կատարելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքին
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Կարեն Քամալյանը դատարանին միջնորդեց դռնփակ քննել նրա և կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ դատական նիստը: Քամալյանի խոսքով՝ իր պաշտպանյալների մեղադրանքում ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ կան, որոնց հրապարակումը վտանգի տակ կդնի Հայաստանի Հանրապետությունը:
Կարեն Քամալյանը նշեց, որ քրեական գործի նյութերում առկա են ապացույցներ քառօրյա պատերազմի սկզբնական հատվածում Երկրապահ կամավորների կողմից մարտի դաշտ ուղարկված ազատամարտիկների քանակի, նույն ժամանակահատվածում բանակի մեքենաների և այլնի վերաբերյալ: Ըստ Քամալյանի՝ պաշտպանները պետք է հղում կատարեն գործում առկա ապացույցներին՝ դրանց վերաբերյալ իրենց դիրքորոշումները հայտնելու և իրենց պաշտպանյալների մեղադրանքը հերքելու համար:
Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ քրեական գործն ամբողջ ծավալով չի կարող քննվել դռնփակ, իսկ առանձին ապացույցներ դռնփակ հետազոտելու անհրաժեշտության դեպքում այդ հարցը կարող է քննարկման առարկա դառնալ:
Դատարանը, լսելով կողմերի դիրքորոշումները, որոշեց մերժել պաշտպան Քամալյանի ներկայացված միջնորդությունը, և նիստը շարունակել դռնբաց:
Նշենք, որ այս պահին նիստն ընդմիջվել է, քանի որ Գրիգորյանը պետք է ստանա շաքարային դիաբետի համար իրեն ցուցված դեղամիջոցը:
Մեկնաբանել