
Էթիկայի հանձնաժողովը բողոքարկել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի գործով վճիռը
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը բողոքարկել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի և կնոջ հայտարարագրերը ոչնչացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի վճիռը: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Նշենք, որ մայիսի 17-ին Վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գևորգ Սոսյանի, բավարարել էր Վաչագան Ղազարյանի հայցն ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի։ Դատարանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին պարտավորեցրել էր Ղազարյանի և կնոջ 2017 թվականի տարեկան և 2018-ի՝ պաշտոնի դադարեցման հայտարարագրերը ոչնչացնել:
Ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու մեջ մեղադրվող Ղազարյանը, հիշեցնենք, Վարչական դատարան էր դիմել 2018-ի սեպտեմբերին, պահանջում էր ոչ իրավաչափ ճանաչել իր և կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերն ընդունելու և դրանք հրապարակելու հանձնաժողովի գործողությունները, «Հանրային ծառայության մասին» օրենքով չնախատեսված հայտարարագրեր ճանաչել իր և նրա կնոջ 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը, և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին պարտավորեցնել դրանք ոչնչացնել:
Ղազարյանը վարչական հայց է ներկայացրել այն բանից հետո, երբ ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու համար նրան մեղադրանք էր առաջադրվել:
Մեկնաբանել