
Վարչապետը վստահեցնում է՝ բյուջեի կատարողականը փայլուն է կատարվել
2018 թվականի պետական բյուջեի կատարողականը այլ կերպ ասած, քան փայլուն՝ հնարավոր չէ նկարագրել։ Այս մասին խորհրդարանում՝ բյուջեի կատարողականի քննարկմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ամփոփելով կատարման հաշվետվությունը՝ պիտի ասեմ հետևյալը՝ նախորդ տարի բյուջետային առումով համաշխարհային պատմության մեջ աննախադեպ տարի էր։ Հայաստանում տեղի է ունեցել նախագահական մեկ ընտրություն, վարչապետի հինգ ընտրություն, վարչապետի երկու փոփոխություն է եղել, մեկ արտահերթ խորհրդարանական ընտրություն, Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություն, ՏԻՄ ընտրություններ ու թավշյա հեղափոխություն, ու արդյունքում ունենք 5,2 % տնտեսական աճ»,- ասաց Փաշինյանը։
Կառավարության ղեկավարն ընդգծեց՝ նույնիսկ նման գործոնների դեպքում երկրում մակրոտնտեսական կայունությունը պահպանված է լիարժեքորեն։
«Կառավարությունը իր աշխատանքը կատարել է փայլուն, ողջ քաղաքական ցնցումների համատեքստում Հայաստանում լիարժեքորեն ապահովվել է բնականոն կյանքը»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս ընթացքում նույնիսկ երկրի պետական համակարգի գլոբալ անցում է կատարվել կիսանախագահական մոդելից խորհրդարանական մոդելի։
«Եթե համարենք, որ Կառավարությունը առնվազն ճգնաժամային կառավարման ռեժիմում է եղել, այդ խնդիրը լուծվել է բացառիկ հաջողությամբ։ Խիստ կասկածում եմ, որ աշխարհում կա որևէ երկիր, որտեղ հեղափոխություն է եղել, և մակրոտնտեսական կայունությունը պահպանվել է»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն քննադատություններին, որ Կառավարությունը ռեֆորմները չի իրականացնում անհրաժեշտ արագությամբ։ Հիշեցրեց, որ 1990-ական թվականներից սկսած որպես լրագրող՝ ականատես է տեսել մի երևույթի, երբ ռեֆորմները ձախողվել են, քանի որ հեղինակները որոշել են ժամ առաջ ներդնել Հայաստանում։
«Դրանք մինչ էսօր իրականություն չեն դարձել, և մինչ այսօր կրում ենք դրանց տեղի չունենալու ծանր հետևանքները»,- ասաց նա՝ նկատելով, որ շատ կարևոր է չշտապել ու ափալ-թափալ չիրականացնել։
Փաշինյանը որպես օրինակ՝ մատնանշեց դատաիրավական համակարգի բարեփոխումները և այն քննադատությունները, որ Կառավարությունն այս հարցում չի շտապել։
«Այն, որ դատաիրավական համակարգը պետք է խորքային բարեփոխումների ենթարկվի, նորություն չէ, բայց ինձ համար միանշանակ է եղել, որ իրապես անկախ դատական համակարգ չենք կարող ունենալ առանց դատավորների աշխատավարձը հինգ-վեց անգամ բարձրացնելու»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ նախորդ տարի առաջին անգամ արձանագրվել է երևույթ, երբ դատավորների մրցույթում «նիդաբոռ» է եղել։
«Ինչի՞ է էդպես եղել. իրենք գիտեն, որ կաշառք չպետք է վերցնեն, գիտեն, որ բիզնեսով չպետք է զբաղվեն, գիտեն որ պիտի ստանան 400-600 հազար դրամ աշխատավարձ և որոշ դեպքերում մարդկանց դատապարտեն ցմահ ազատազրկման։ Այդ պայմաններում ո՞վ կուզենար լինել դատավոր, դուք ինքներդ ձեզ հարց տվեք»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ անհրաժեշտ է, որ դատավորների թափուր տեղերը համալրեն պրոֆեսիոնալ և սկզբունքային մարդիկ, իսկ նման մասնագետները մասնավոր սեկտորում 2,5-3 մլն դրամ աշխատավարձ են ստանում։
«Առանց էսպիսի խնդրի լուծման իրապես անկախ դատական համակարգ չենք կարող ունենալ»,- ասաց նա։
Վարչապետը շեշտեց՝ կարող էին գնալ այն ճանապարհով, որ բարձրացնեն դատավորների աշխատավարձը, սակայն դա հանրությունը չէր ընկալի, քանի որ կասեին՝ կոռումպացված դատավորների աշխատավարձ են բարձրացնում։ Փաշինյանի խոսքով՝ առաջիկա երկու-երեք տարիներին Կառավարությունը մտադիր է միջազգային գործընկերների աջակցությունը ներգրավել՝ դատավորների աշխատավարձը բարձրացնելու համար։
Ինչ վերաբերում է այն հարցին, որ ըստ ընդդիմության՝ խոստումները չի կատարել, Փաշինյանն ասաց, որ չի կարող բոլոր խոստումները միանգամից կատարել։ Ասաց, որ դեռ նախորդ տարի սեպտեմբերին իրեն քննադատում էին խոստումները չկատարելու համար՝ հարցնելով՝ միթե երեք ամսում պետք է կատարվեին բոլոր խոստումները։
Մեկնաբանել