
Դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց իրեն ներկայացված ինքնաբացարկի հերթական միջնորդությունը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի` իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:
Խուդոյանը, հիշեցնենք, ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել երեկվա նիստին նախագահող դատավորի գործողությունների վերաբերյալ: Դատարանն, ըստ պաշտպանական կողմի, իրենց զրկել է հայտարարություններ և առարկություններ անելու հնարավորությունից, բողոքի քննության շրջանակներում չի պարզաբանել իրենց իրավունքներն ու պարտականությունները՝ այդպիսով կանխակալ վերաբերմունք դրսևորելով:
Երեկ դատարանը տեւական ժամանակ չէր թույլատրում պաշտպաններին հանդես գալ հայտարարություններով:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում արդեն 4-րդ օրն է՝ քննվում է Մարտի 1-ից անջատված մասով գործի վարույթն առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու, ինչպես նաև գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխելու դեմ բողոքների քննությունը:
Մեկնաբանել