
Սամվել Թանդիլյան. «Ուրիշ բան չենք խնդրում, ճանապարհն ասֆալտապատելուց հետո Ծաղկաշատն ինքն իրենով կզարգանա»
Անտառի ծաղկազարդ փեշին գտնվող Ծաղկաշատ գյուղի ճանապարհը սկսվում է Հաղպատի ճամփաբաժանից: Ժիվանք հանդամասով տաքսին «հևալով» ու ճոճվելով մի կերպ հաղթահարում էր Ծաղկաշատ գնացող անանցանելի ճանապարհը: Ճանապարհին մեր ընթացքը կասեցնում է վախեցած սկյուռը: Մեզ հաճելի անակնկալ է մատուցում նաև մի եղնիկ: Վերջին տարիներին Ծաղկաշատի անտառներում եղնիկները բազմանում են։
«Եթե որսը դադարեցվի, եղնիկները մեր անտառներում շատ կլինեն: Մեր գյուղացիք միայն պոզավոր եղնիկներ են որսում, էգերին խնայում են, որ ձագերը շատանան»,- ասում է մի ծաղկաշատցի:
Համայնքի վարչական ղեկավար Սամվել Թանդիլյանի ասելով` Ծաղկաշատի անտառներում ու սարերում վխտացող գայլերը, աղվեսներն ու չախկալները գյուղացիներին մեծ վնաս են հասցնում։
«Հունիսի 13-ին մեր Աջիր սարում գելը երկու հորթ կերավ: Հաղպատցի սարվոր Միսակ Վարոսյանից վերջերս գելը Աջիրում 15 խոզ է կերել»,- պատմեց նա:
«Հերու գեղումը մի թաղման ժամանակ տղերքը գերեզմանատնից նկատեցին, որ մոխրագույն մի մեծ գել ոչխարի բկին է ընկել: Մինչև հասան, գելը ոչխարի կիսանը (կեսը, հեղ․) կերել էր»,- պատմեց Լևոն Թանդիլյանը:
Ծաղկաշատն արդեն երկու տարի է Ալավերդի խոշորացված համայնքի կազմում է: Վարչական ղեկավարի խոսքով՝ խոշորացումից հետո, 275 բնակիչ ունեցող գյուղում ոչ մի լուրջ խնդիր չի լուծվել: Վերանորոգման կարիք ունի գյուղի բժշկական ամբուլատորիան: Ծաղկաշատն անգամ մանկապարտեզ չունի: Գյուղը ապահովված չէ խմելու ջրով: Բայց դրանք ծաղկաշատցիների աչքին չեն երևում: Գյուղացիները միայն մի բան են խնդրում Կառավարությունից՝ ասֆալտապատել Ծաղկաշատի 9 կմ երկարությամբ ճանապարհը:
«Ուրիշ բան չենք խնդրում, ճանապարհն ասֆալտապատելուց հետո Ծաղկաշատն ինքն իրենով կզարգանա»,- հայտնում է Սամվել Թանդիլյանը:
Ծաղկաշատը մոտ 400 հա արոտավայրեր և խոտհարքներ ունի, շրջափակված է 5400 հա հարուստ անտառներով:
Ռուբեն Թանդիլյանի ասելով՝ անտառների բարիքներից օգտվելու համար Ծաղկաշատ են գալիս Հայաստանի տարբեր ծայրերից։
«Գյումրեցին գալիս է մեր գյուղամիջումը կանգնում ու հարցնում է՝ մորմոնջի թալա կըսեն, էդ որտեղ է: Լսել ա, որ Ծաղկաշատի «Մորմոնջի թալումը» շատ վայրի մալինա կա: Ճամփեն ցույց ենք տալիս, գնում է 2 դույլը մի ժամումը լցնում ու գալի: Գնալիս ասում է, ախպեր ջան, շատ շնորհակալ եմ: Այ, տհե»,- պատմում է Ռուբեն Թանդիլյանը:
Գարնանը Լոռու մարզի գյուղերից շատերն են գալիս Ծաղկաշատի անտառներ՝ սինդրիկ, սունկ, թթվի քոլ քաղելու: Ամռանը՝ մոշն ու մորին է ժողովուրդը քաղում, հետո անտառների վայրի տանձն է հասնում՝ տանձն են տանում: Մարզի գյուղերի շատ անասնապահներ Ծաղկաշատի անտառներից մեծ քանակությամբ կաղին են հավաքում:
«Ծաղկաշատի անտառների բարիքներից ամբողջ ժողովուրդն է օգտվում: Սրա հմար էլ Ծաղկաշատն արժանի է, որ լավ ճամփա ունենա, բայց երկրի ջոջերը չեն հասկանում, որ բնության բարիքներից ժողովրդի օգտվելու համար կարելի է Ծաղկաշատի ճանապարհը ասֆալտապատել»,- առաջարկում է Ռ․ Թանդիլյանը։
Վերջինս 2015թ.-ին «Ծաղկաշատ-Ախետքի» հանքի բացմանը դեմ պայքարող ծաղկաշատցիներից մեկն է:
«Ասում են՝ էդ հանքում ուրան կա, որ բաց անեին, Ծաղկաշատն էլ հետը, ամբողջ ռայոնը հեչ էր լինելու: Մենք էլ թույլ չտվինք հանքը բացվի, դրա համար էլ մեր գյուղացի միակ մեծահարուստ Վալերի Մեջլումյանը երես է թեքել իր համագյուղացիներից»,- նկատում է Ռուբեն Թանդիլյանը:
Վերջինիս ասելով՝ մինչև հանքը բացելու զրույցը սկսելը՝ Վալերի Մեջլումյանը Ծաղկաշատի ճանապարհը մի քանի անգամ բարեկարգել է: «Ստալինեց բուլդուզերը բերեր մեր գյուղիցը չկել (մինչև) Ալավերդու ճանապարհը սարքեր: Էդ ելել է մենակ իրեն հոր, մոր ու քեռու մահվան օրերին, որ ջոջական կազմը կարենա նրանց թաղմանը գա Ծաղկաշատ»,- հիշեց զրուցակիցս:
«Ծաղկաշատ- Ախետքի» պղինձ-մոլիբդենային հանքային դաշտի երկրաբանական աշխատանքերին խոչընդոտելուց հետո Ռուբենի խոսքով՝ Վալերի Մեջլումյանն ասել է՝ հանքը թույլ չեն տալիս բացեմ, ինչու գյուղի ճանապարհը սարքեմ:
Ծաղկաշատը 17 տարի ղեկավարել է Հրաչյա Պարանյանը: Նա գյուղի ճանապարհի հարցը շատ է բարձրացրել: Գյուղում բնակչությունը քիչ է եղել, էդ պատճառով ճանապարհը չեն սարքել:
«Հիմա մեր երկրում հարցերը լուծվում են ճանապարհներ փակելով: Մեր ճանապարհը փակ է ու փակ, բայց հարցը չի լուծվում։ Եթե այսպես շարունակվի, մի 10 տարի հետո Ծաղկաշատը կդառնա գոմահանդ»,- դժգոհեց Հ. Պարանյանը։
Ծաղկաշատի արոտավայրեր տանող ճանապարհներն անանցանելի են, այդ պատճառով գյուղացիները չեն կարողանում անասունները սար տանել։
«Մեր սարերն անասնապահության զարգացման համար ընտիր տարածքներ են: Ճանապարհի հարցը ծաղկաշատցիներին ամեն ինչից հիասթափեցնում է: Ոչ մի բան չես կարող ձեռնարկել այստեղ»,- ասում է Հ. Պարանյանը:
Դավիթ Քառյանը Ծաղկաշատում «Մաուգլի» անունով հանգստյան գոտի է ստեղծել, ճանապարհի պատճառով մարդիկ կտրվել են հանգստյան գոտուց: Ծաղկաշատում լուրջ խնդիր է նաև խմելու ջուրը: Գյուղամիջի աղբյուրում մոտ այգուց քաղած զիմելը (կանաչու տեսակ, հեղ․) լվանալիս տիկին Արփիկը հայտնեց, որ խմելու ջուրն իր որդին Ալավերդուց է բերում: Ըստ Ռուբեն Թանդիլյանի՝ խմելու ջուրը ծաղկաշատցիներին «էլ ախրը յոլա է տանում» (նկատի ունի՝ մի կերպ է բավարարում, հեղ․)։
Կարո Հակոբյանի կարծիքով՝ եթե ճանապարհը վերանորոգեն, ոչ միայն գյուղացիների տնտեսությունը, այլև Ծաղկաշատում զբոսաշրջությունը կզարգանա:
Ծաղկաշատի ամենատարեց բնակիչը՝ Վարսենիկ Թանդիլյանը, 91 տարեկան է․ 1905թ.-ի Հաղպատի կոմբջջի հիմնադիրներից մեկի՝ Շաքար Բեժանյանի դուստրն է։
«Ծաղկաշատում հմի գործը քիչ ա, աշխատողը՝ շատ: Տեհան գեղումը գործ չկա, ջահելները քիչ-քիչ գնացին: Դժվար ենք ապրում, անասուն ենք պահում, անտառից ենք օգտվում: Մալինա, մոշ, սունկ է լինում, ամենքն իրեն սեզոնին քիչ-քիչ օգտվում ենք: Տղաներս քաղում, տանում են քաղաք, ծախում: Գյուղի ճանապարհը պատահել է քանդված է եղել, պատահել է սարքել են, բայց մեր գյուղի ժողովուրդը միշտ էլ շատ աշխատասեր է եղել»,- պատմում է Ծաղկաշատի ամենատարեց բնակիչը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել