
Անօդաչու սարքն ու Ադրբեջանի ՊՆ տարածած հայտարարությունը
Այսօր՝ հունիսի 13-ի առավոտյան, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, համաձայն որի` հայկական կողմը 15 անգամ խախտել էր զինադադարը։
Նույն օրը, ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ն իր թվիթերյան էջում տարածեց «թշնամու պրովոկացիան ձախողվեց մեր ռազմական օդաչուների վարպետության շնորհիվ» խորագրով տեսանյութ։
Այս թվիթը անհասկանալի պատճառներով մի քանի ժամ անց ջնջվեց։
Ըստ ադրբեջանական կողմի` այս տեսանյութը արվել է անօդաչու թռչող սարքից (ԱԹՍ), որն ուղեկցում էր ուսումնական թռիչք կատարող ավիացիոն միջոցներին՝ ուղղաթիռ կամ ինքնաթիռ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է հրթիռը ներքևից շարժվում դեպի վերև և չի դիպչում ո՛չ ԱԹՍ-ին, ո՛չ էլ այլ ուսումնական թռիչք կատարող ավիացիոն միջոցներին, որոնք տեսանյութում ընդհանրապես չեն երևում։ Ավելին, պարզ չէ, թե հրապարակված տեսանյութը երբ է նկարահանվել։
Նյութի հրապարակումից հետո Թվիթերի օգտատեր Հուսիկ Ղուլյանը պարզել է, որ կադրում երևացող տեղանքը գտնվում է Արցախի տարածքում
Իսկապես, այս ինֆորմացիան ստուգելուց հետո պարզ է դառնում, որ տեսանյութի մեջ երևացող վայրը գտնվում է սահմանագծից մոտ 13 կմ հեռավորության վրա, դեպի արևմուտք` Վարանդա/Ֆիզուլի գյուղաքաղաքի մոտ։
Պարզ է դառնում, որ հռթիռը շարժվել է դեպի ԱԹՍ և չի դիպել հենց դրան, ավելին` ԱԹՍ-ն գտնվել է Արցախի օդային տարածքում, ինչն էլ չի կարող համարվել ուսումնական թռիչք։ Կարելի է նաև պնդել, որ այդ պահին այդտեղ չեն եղել ուղղաթիռ կամ ինքնաթիռ, որոնց էլ, ենթադրաբար, ուղեկցելիս է եղել ԱԹՍ-ն, իսկ եթե դրանք եղել են, ապա հենց դրանք են փորձել խախտել զինադադարը։
Մեկնաբանել