
Հրդեհ Հաղպատի վանական համալիրում
Այսօր՝ ժամը 19:00-ի սահմանններում, հրդեհ է բռնկվել Հաղպատի վանական համալիրի վանատան շենքում: Հաղպատավանքի վանահայր Տեր Ատոմ քահանան «Հետք»-ին հայտնեց, որ հրդեհը սկսվել է վանատան էլեկտրական վահանակի կարճ միացումից: Վանահայրը ահազանգել է «911» ծառայությանը: Առաջին հրշեջ ավտոմեքենան հրդեհի վայրում հայտնվել է 30 րոպե անց:
«Մինչև հրշեջները եկան, դուք գիտեք, Հաղպատը մոտ 10 կմ հեռու է Ալավերդուց, շենքի տանիքը ամբողջությամբ այրվեց: Հրշեջները ամեն ինչ ժամանակին կատարեցին, ուղղակի վանատան շենքը շատ հին կառույց է, կառուցվել է 1950-ական թվականներին, եղել է Հաղպատի հին դպրոցի շենքը, տանիքի գերանները միանշանակ չոր փայտ է, մի կայծից կարող էր բռնկվել և այդ կայծը փաստորեն հանդիսացավ դժբախտության պատճառը: Մինչև հրշեջների գալը ամբողջ տանիքը այրվեց»,- ասաց Տեր Ատոմը:
Տեր Ատոմի խոսքով՝ վանատունը ծառայում էր Հաղպատավանք այցելող հավատացյալների գիշերելու համար:
Ժամը 21:00-ի սահմաններում վանատան շենքի հիմնական մասը այրվել էր: Վանահոր խոսքով շենքի մի փոքր հատվածը հազիվ փրկվեց: Վանական համալիրում բնակվում էր նաև Վանահոր ընտանիքը:
«Հարցը նա չէ, թե հրդեհից հետո իմ ընտանիքը որտեղ կբնակվի, մենք դրսում չենք մնա, հարցը նրանում է , որ Հաղպատի վանական համալիրը մեծ կորուստ ունեցավ»,- ասաց վանահայրը: Տեր Ատոմը Հաղպատի վանական համալիրի վանահայր է նշանակվել 2016 թ.-ից: Նրա խոսքով՝ առաջիկայում պետք է սկսվեին վանատան վերանորոգման աշխատանքները։ Այրվող շենքը փրկելու համար ոտքի էին կանգնել ողջ հաղպատցիները: Ով ինչով կարողանում էր, օգնում էր հրշեջներին՝ հրդեհը մարելու գործում: Ժամը 21-ի սահմաններում հրդեհը մեկուսացվել է:
Մեկնաբանել